Հայաստան-Սփյուռք 2-րդ համաժողովը կկայանա Վաշինգտոնում
2010 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 2-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում տեղի է ունենալու «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» 2-րդ տարեկան համաժողովը: Համաժողովի օրակարգում նախատեսված են համակողմանի քննարկումներ՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հեռանկարների, հայության առջև ծառացած ներկա մարտահրավերների, ռազմավարական նոր մոտեցումների հետ կապված արդիական խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկացնում է Policy Forum Armenia (PFA) միջազգային կազմակերպությունը:
Վերջինս «Հայաստան–Սփյուռք հարաբերություններ» 2-րդ համաժողովին մասնակցելու է հրավիրել մտավորականների, գիտական, քաղաքական եւ հանրային գործիչների բավականին ներկայացուցչական հատված՝ քննարկելու Հայաստանի և Սփյուռքի միջև նոր առանցքային հարաբերությունների և ժամանակի թելադրանքով պարտադրված մարտահրավերներին իրատեսորեն արձագանքելու հնարավորությունները:
Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 25-ին, Երեւանում կազմակերպվեց 1-ին համաժողովը, այն նվիրված էր համաշխարհային տնտեսական ճգնաժամին: PFA-ը մասնակցիների աննախադեպ ներկայացուցչականություն էր ապահովել:
2-րդ համաժողովի առաջին օրը՝ փետրվարի 28 ին, Վաշինգթոնի բարձրակարգ ընդունելությունների Cosmos ակումբում PFA-ը կներկայացնի իր ՝«Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Անկախությունից 20 տարի անց» զեկույցը: Երկրորդ օրը՝ մարտի 1-ին, Համաժողովը կշարունակվի Ջորջթաուն համալսարանում:
Երրորդ օրը՝ մարտի 2-ին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների շուրջ երկխոսությունը կշարունակվի երիտասարդ մասնագետների շրջանակում: Նրանց համար Վաշինգտոնում բարենպաստ մասնագիտական դաշտ ապահովելու նպատակով նախատեսված են թեմատիկ ուսուցողական հանդիպումներ՝ տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների և ընկերությունների հետ:
Համաժողովի օրակարգը կհրապարակվի մոտ օրերս: Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մարտի 1-ի և 2-ի աշխատանքներին մասնակցելու համար խնդրում ենք գրել forum@pf-armenia.org հասցեով: Լուսաբանման նպատակով լրատվամիջոցները կարող են հայտ ներկայացնել exrelations@pf-armenia.org հասցեով:
ArmAr.am












