Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հանդիպեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի հետ
Ս. թ. փետրվարի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ նորանշանակ դեսպան Օլեգ Եսայանը իր առաջին այցը կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի նստավայր, որտեղ առանձնազրույց ունեցավ թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի հետ:
Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը շնորհավորեց նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց ուժ եւ կարողություն առաքելությունը կատարելու գործում` ի շահ Հայաստանի եւ հայ ժողովրդի բարօրության:
Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդը ներկայացրեց թեմի կողմից իրականացվող աշխատանքները եւ նոր նախաձեռնությունները:
Դեսպան Եսայանը, շնորհակալություն հայտնելով Եզրաս եպիսկոպոսին բարեմաղթանքների եւ օրհնության համար, նշեց, որ դեսպանի պաշտոնում առաջին այցելությունը նա կատարում է թեմի առաջնորդարան պատահական չէ, այն իր ուրույն խորհուրդն ունի՝ պատմության ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին կատարել է ազգապահպան առաքելություն եւ ներկայումս իր ուրույն դերակատարությունն ունի հայ ժողովրդի հոգեւոր կյանքում:
Զրույցի ընթացքում քննարկվեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության եւ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի միջեւ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
ArmAr.am












