Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

Աթենքում նշվեց ՀՀ ԶՈւ կազմավորման 18-րդ տարեդարձը

Փետրվար 4, 2010թ. 12:37

hunastan-2010-02-04Փետրվարի 2-ին, Աթենքում հանդիսավորությամբ նշվել է Հայոց բանակի կազմավորման 18-րդ տարեդարձը:  Կազմակերպված պաշտոնական ընդունելությանն ու հանդիսությանը Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի և ռազմական կցորդ, գնդապետ Սամվել Ռամազյանի հրավերով ներկա են եղել Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ ու ռազմական կցորդներ, Հունաստանի ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների բարձրաստիճան պաշտոնյաներ և սպաներ, հունահայոց հոգևոր դասի ներկայացուցիչներ, հայկական տարբեր կազմակերպությունների անդամներ, ինչպես նաև ՙԷվելպիդոն՚ ռազմական ակադեմիայի հայ կուրսանտներ: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել Հունաստանում ՀՀ դեսպան Գ. Ղալաչյանը, ռազմական կցորդ Ս. Ռամազյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում ուսանող հայ կուրսանտներ

Ռազմական կցորդ, գնդապետ Ս. Ռամազյանը «Ծովակալ Իսակով» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներ է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրված հույն բարձրաստիճան զինվորականներին` Հունաստանի հատուկ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Թեոկլիդոս Ռուսակիսին, Հայաստանում Հունաստանի դեսպանության նախկին ռազմական կցորդներին` պահեստի գեներալ-լեյտենանտ Խրիստոս Լեվտերիոտիսին և Ռազմածովային ուժերի կապիտան Գեորգիոս Ռիղանակոսին, Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմակրթական վարչության պետ, բրիգադի գեներալ Ադամ Թոմաիդիսին և գնդապետ Լեոնիդաս Պապագեորգիուին:

Հունաստանն առաջին երկրներից է, որ աջակցություն է ցուցաբերել նորաստեղծ հայոց ազգային բանակին` սպայակազմի պատրաստության համար բացելով իր ռազմաուսումնական հաստատությունների դռները: 1994թ.-ից առ այսօր Հունաստանի ՌՈւՀ-երում  ուսանել են ՀՀ ԶՈւ մոտ 130 սպաներ: Այսօր Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայում և Սալոնիկի ռազմաբժշկական ակադեմիայում սովորում են մոտ երեք տասնյակ հայ կուրսանտներ:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն