Թուրքիան ու Իսրայելը` դիվանագիտական նոր սկանդալի շեմին
Թուրքերը պատրաստվում են Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունների մասին նոր ֆիլմ թողարկել: Այս մասին հայտնող թուրքական «Son Dakika» լրատվական կայքը նշում է, որ դա, անշուշտ, բարկացնելու է Իսրայելին:
Աղբյուրի համաձայն` «Գայլերի հովիտ Պաղեստինը» անունով ֆիլմն ամբողջ եթեր է հեռարձակվելու ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ից:
Կինոնկարը հեղինակել և պատրաստում է կինոարտադրությամբ զբաղվող թուրքական «Pana Film» ընկերությունը: Տեղեկացվում է նաև, որ այդ ֆիլմը լինելու է Մերձավոր Արևելքի երկրներում արդեն ցուցադրված «Գայլերի հովիտ» հայտնի հեռուստասերիալի շարունակությունը:
Հիշեցնենք, որ Իսրայելի և Թուրքիայի միջև վերջերս ծագած դիվանագիտական մեծ սկանդալը հետևանք էր հենց այդ ֆիլմի: Թել Ավիվը անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով այդ երկրում պաշտոնավարող թուրք դեսպանի նկատամամբ, հայտնել էր իր դժգոհությունն այդ ֆիլմի կապակցությամբ, որտեղ իսրայելցի զինվորները ներկայացվում էին իբրև խաղաղ բնակչությանը կոտորողներ և երեխաներ առևանգողներ:
Այլևս կասկածից վեր է, որ թուրք-իսրայելական լարվածությունը գնալով առավել քան թեժ բնույթ է ստանում:
ArmAr.am












