Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հնարավոր է, որ առաջիկայում Արցախը կարողանա էներգիա վաճառել

Փետրվար 4, 2010թ. 18:00

photoՄեր զրուցակիցն է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ

Կառլեն Պետրոսյանը

Երեկ ԼՂՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունում Բակո Սահակյանը նշել է, որ մինչև 2011թ. իր ներքին ռեսուրսների հաշվին Արցախը կկարողանա ապահովել իրեն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 80-85%-ը։ Ինչ խոսք, սա բավական խոսուն թիվ է, ուստի, հետաքրքիր է իմանալ` ի՞նչ աշխատանքներ են այսօր կատարվում նման ցուցանիշի հասնելու համար։

-Նախ պետք է ընդգծեմ, որ էներգետիկան մեր երկրի անկախության, անվտանգության և տնտեսության կայուն զարգացման համար ունի ռազմավարական նշանակություն։ Էներգետիկ համակարգը դիտվում է որպես տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի հիմնական մասերից մեկը։ Թանկարժեք և անհուսալի էներգամատակարարումը կարող է զգալի վտանգ հանդիսանալ ԼՂՀ  տնտեսության և բնակչության կենսամակարդակի բարելավման համար։ Ուստի էներգետիկայի բնագավառում իրականացվող մեր քաղաքականության հիմնահարցերից մեկը՝ ժամանակակից էներգետիկ կարգավորումների կիրառմամբ, ցածր գներով հուսալի էներգամատակարարում ապահովելն է, և զուգահեռ՝ էներգախնայողության բարձրացումը։ Դրան հասնելու համար  արդեն իսկ բաշխիչ ցանցերի սերնդափոխության և արդիականացման հետ կապված լուրջ աշխատանքներ են իրականացվում, որոնցում ներդրված են ինչպես պետական բյուջեի, այնպես էլ սեփական և փոխառու միջոցներ։ 2009թ. ընթացքում ԼՂՀ էներգետիկայի բնագավառում կապիտալ ներդրումների ծրագրերի շրջանակներում, նաև՝ փոխառու միջոցների հաշվին, զգալի աշխատանք է կատարվել։ Ըստ նախանշված թվերի, 2010թ. այդ նույն տեմպերը կպահպանվեն։ Երկրի ղեկավարության կողմից տրված հատուկ հանձնարարականի համաձայն՝ ճշտվել են ժամանակացույցերը, ըստ որոնց, մինչև 2011թ. վերջը  էներգիա կարտադրենք տեղերում։ Դրա համար նոր, փոքր  ՀԷԿ-եր կկառուցվեն, որոնց շինարաությունը 2009թ. արդեն սկսվել է։

Քանի՞ ՀԷԿ պետք է կառուցվի և որտե՞ղ, եթե գաղտնիք չէ։

-Հինգ փոքր ՀէԿ է կառուցվում. դրանք Թրղե և Մատաղիս գետերի վրա կառուցվող Թրղե 1, Թրղե 2, Թրղե 3 և Մատաղիս 1, Մատաղիս 2 ՀԷԿ-երն են, որոնց շնորհիվ հնարավոր կլինի 80-85%-ով բավարարել էլեկտրաէներիայի մեր այսօրվա պահանջը։ Ինչ խոսք, տարեցտարի նաև պահանջարկն է ավելանում, բայց բոլոր դեպքերում ներկայիս տեմպերը հույս են ներշնչում, որ կկարողանանք այդ ծավալներն ապահովել։

Դուք նշեցիք, որ նաև խնայողությունների հաշվին պետք է ավելացվի էներգիան, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բաշխիչ ցանցերի սերնդափոխության և արդիականացման հետ կապված խնդիրները կարգավորվեն. բացի այն, որ այդ աշխատանքները մեծ գումարներ են պահանջում, այդտեղ նաև բարձրակարգ մասնագետների անհրաժեշտություն կա։

-Այսօրվա դրությամբ մենք մասնագետների պակաս չունենք։ «Արցախէներգո» ՓԲ ընկերությունը և «ՀԷԿ» ԲԲ ընկերությունը  համալրված են շատ արհեստավարժ, բարձր որակավորում ունեցող մասնագետներով։ Բայց, որպեսզի առաջիկայում էլ նման խնդիր չունենանք ԼՂՀ և ՀՀ պետական համալսարաններ համապատասխան պահանջարկի մասնագետների հայտ ենք ներկայացրել, և մեր ոլորտում անհրաժեշտ մասնագիտությունների գծով մեր ապագա մասնագետներն արդեն սովորում են այդ բուհերում։ Բուհն ավարտելուց հետո նրանք կգան և կհամալրեն այդ համակարգի մասնագետների շարքերը։

Պարոն Պետրոսյան, դուք ասացիք, որ էլեկտրաէներգիայի պահանջարկն օր օրի ավելանում է. եթե մինչև 2011թ. նախատեսում եք սեփական ռեսուրսների հաշվին 80-85% էլեկտրաէներգիայի ապահովում, պահանջարկի շատ մեծացման դեպքում՝ լրացուցիչ ի՞նչ ռեսուրսների հաշվին հնարավոր կլինի այն ապահովել։

-Բացի նշված այն ՀԷԿ-երից, որոնք կառուցման փուլում են հիմա, մենք ունենք նախագծեր, որոնց շուրջ ուսումնասիրություններն են կատարվում, ըստ այդմ նախատեսվում է առաջիկայում ևս 4 փոքր ՀԷԿ-երի կառուցում՝ դրանք Կարկառ1, Կարկառ 2 և Իշխանագետ1 և Իշխանագետ 2 ՀԷԿ –երի նախագծերն են, որոնք անհրաժեշտության դեպքում կհամալրեն պահանջվող էներգիայի քանակը։

Ինչ վերաբերում է ծավալների մեծացման աճի տեմպերին,  մենք դա ևս կանխատեսել ենք, դա փաստորեն մեր արտադրության և մեր բնագավառների ծավալների մեծացման, զարգացման հետ է կապված։

Հնարավո՞ր է, որ առաջիկայում այնքան ընդլայնվի ԼՂՀ էներգետիկ համակարգը, որ Արցախը կարողանա էներգիա վաճառել։

-Միանշանակ՝ այո։

Իսկ երբ դա հնարավոր կլինի։

– Մինչև 2015թ. մենք ունենք մշակված ռազմավարական ծրագիր, որտեղ  նախատեսվում է նաև այդ տարբերակը։

Բացի էներգետիկ համակարգին առնչվող խնդիրներից, ԼՂՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում առաջիկայում տնտեսության ո՞ր ճյուղերի զարգացման ու վերակառուցման անհրաժեշտությունն է կարևորվել։

-Քննարկվել և կարևորվել են գազիֆիկացման, նաև՝ հեռուստահեռարձակման հետ կապված մի շարք խնդիրներ։ Նախատեսվում է բարձրացնել հեռուստահեռարձակման որակը։ Դրա հետ կապված աշխատանքները ևս ընթացքի մեջ են. աստիճանաբար մենք անցնում ենք հեռուստաահեռարձակման թվային համակարգին։

Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյան


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն