ԵԱՀԿ.«Մենք Ադրբեջանի կառավարությունից պահանջում ենք…»
ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված հայտարարության մեջ անհանգստություն է հայտնել այդ երկրում լրագրողների և բլոգերների ձերբակալության առթիվ և իշխանությունից պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց:
ԵԱՀԿ հայտարարության մեջ ասվում է.
«Երկու հոդվածների համար 8,5 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի նկատմամբ բանտում կոշիկի մեջ թմրանյութ պահելու մեղադրանքով նոր քրեական գործ բացելը խիստ անհանգստություն է առաջացնում: Բազմաթիվ տեղական և միջազգային դիտորդների կարծիքով, Է.Ֆաթուլլաևի ձերբակալությունը քաղաքական նպատակ է հետապնդում: ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչը խիստ հսկողության տակ պահվող լրագրողի վրայից հերոին հայտնաբերելն անհնարին է համարում: Կասկածներ է հարուցում նաև այն հանգամանքը, որ այդ խնդիրը ի հայտ է եկել Է.Ֆաթուլլաևի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սպասվող վճռից առաջ: Մենք Ադրբեջանի կառավարությունից պահանջում ենք այդ խնդիրը լուծել երկրի օրենքների և սահմանադրության, միջազգային նորմերի շրջանակում: Ժողովրդավարության համար խիստ կարևոր է, որ խոսքի ազատությունը հաստատվի բոլոր քաղաքացիների, այդ թվում նաև` մամուլի ներկայացուցիչների համար: Ազատ մամուլի բացակայության պայմաններում առաջիկա խորհրդարանական ընտրություններում թեկնածուները չեն կարող իրենց ուղերձները հասցնել հասարակությանը, ինչի արդյունքում հարվածի տակ կընկնեն կառավարության` դեմոկրատական զարգացման ուղղությամբ գործադրած ջանքերը: Ադրբեջանի կառավարությունից պահանջում ենք լուծել ձերբակալված լրագրողների խնդիրը և սատարել ազատ մամուլին` դեմոկրատական ինստիտուտների և Ադրբեջանում ազատ հասարակության մասնագիտական զարգացման նպատակները կյանքի կոչելու գործին: Է.Ֆաթուլլաևի հետ անարդարացիորեն ձերբակալված մամուլի ներկայացուցիչների ազատումն այդ ուղղությամբ արված դրական քայլ կլիներ: Ադրբեջանի ղեկավարությունից պահանջում ենք ձերբակալված երիտասարդ բլոգերներ Էմին Միլլիի և Ադնան Հաջիզադեի` վճռաբեկ դատարանում լսվելիք դատավարությունն անցկացնել արդարացի և թափանցիկ»,- ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության տարածած հայտարարության մեջ:
ArmAr.am












