Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հոգեվարք Բյուրականի աստղադիտարանում

Փետրվար 5, 2010թ. 09:30

astxaditaran1946 թվականին մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած Բյուրականի աստղադիտարանը կարճ ժամանակահատվածում հասել էր գիտական աներևակայելի նվաճումների: Այսօր, դժբախտաբար, վտանգված է հայ աստղագիտության կարևորագույն այդ կենտրոնի ապագան:

Պատճառը ֆինանսական միջոցների սղությունն է, որն էլ իր հերթին աղետալի վիճակ է ստեղծում աստղադիտարանի համար: «Ժամանակին մենք ունեինք ավելի քան 300 աշխատակից, այսօր` մոտ 70 » ,-ցավով նկատում է կազմակերպության տնօրեն Հայկ Հարությունյանը: «Շատ աշխատակիցներ պարզապես փոխել են մասնագիտական ուղղվածությունը և ամենատարբեր տիպի աշխատանքների անցել: Ցավալի է, բայց ստվար հատվածն էլ  մեկնել ու շարունակում է մեկնել արտերկիր: Չկան համապատասխան աշխատանքային պայմաններ, սարքավորումները թարմացման և վերանորոգման կարիք ունեն»:

«Տեղյա՞կ է, արդյոք, պետությունն այս աղետալի վիճակին»` և ինչ քայլեր է պատրաստվում կատարել.  ArmAr.am-ի հարցին տնօրենը պատասխանեց, որ չնայած տեղյակ լինելուն, սակայն աստղադիտարանը  պետական առավել մեծ աջակցության կարիք ունի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 20 տարում պետական գույքային ոչ մի հատկացում չի արվել:

Վերջին տարիներին ՀՀ նախագահի` պետական մրցանակների հանձնման արարողությունները հույս են ներշնչում: Ավելին` վերջերս նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, թե առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու կրթության և մշակույթի ոլորտին, ավելանալու են պետական  հատկացումները:

Ստեղծված աղետալի դրությունն ինչ որ չափով շտկվեց  2007թ-ին արված գործարար ներդրումների շնորհիվ: Կատարվեց մասնակի վերանորոգում, աշխատանքային պայմանների բարելավում… «Սակայն այժմ վիճակը ոչ թե մխիթարական, այլ ծանր է»,-հավաստիացնում է Հ.Հարությունյանը:  «Մենք համագործակցում ենք արտասահմանյան որոշ երկրների հետ, որոնք ցանկություն են հայտնում գալ Հայաստան և օգտվել տարածաշրջանում  անկայուն օբյեկտների ուսումնասիրությամբ  զբաղվող միակ խոշորագույն մեր կենտրոնի գիտական հնարավություններից:»

Դրանից բացի, Բյուրականը նաև հավակնում է դառնալու տարածաշրջանային աստղագիտական կրթօջախ: Այսօր արդեն  շատ գիտնականներ որոշ ժամանակով այցելում են Հայաստան, որպեսզի սովորեն ու աշխատեն Բյուրականում:

2010թ. օգոստոս–սեպտեմբեր ամիսներին Հայաստանում կկազմակերպվի Երիտասարդ աստղագետների երրորդ միջազգային դպրոցը: Ամառային դպրոցի անցկացումը,, ինչ խոսք, կնպաստի  տարբեր երկրների աստղագետների միջև հարաբերությունների ամրապնդմանը և փորձի փոխանակմանը:

Բյուրականի աստղադիտարանն այժմ հիմնականում զբաղվում է անկայուն օբյեկտների ուսումնասիրությամբ` թե ինչպես են ծնվում, զարգանում և մահանում աստղերը, ինչ հետագծով են շարժվում և որ ուղղությամբ են սլանում: «Մենք կարող ենք մեծ ծավալի օգնություն ցույց տալ` օրինակ խոշոր ավիաընկերություններին տեղեկացնելով, թե որ ուղղությամբ և երբ` ինչ օբյեկտ է թռչում երկնքում»,- ևս մեկ կիրառական ուղղություն  նշեց Հ. Հարությունյանը:

Բյուրականի աստղադիտարանը տեղակայված է Արագած լեռան ստորոտին: Ունի 5 աստղադիտակ, որոնցից ամենամեծը 2.6 մետր երկարությամբ Կասեգրենի դիտակն է և 1 մետրանոց Շմիդտի աստղադիտակը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն