Թուրքիայում ԱՄՆ դեսպան. «Արձանագրություններում 1915թ. իրադարձությունները ուսումնասիրելու համար պատմական հանձնաժողով հիմնելու մասին է խոսվում»
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆրին հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին, խոսել քրդական հարցի, Կիպրոսի խնդրի, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին: Ստորև ներկայացնում ենք արձանագրություններին առնչվող հատվածը:
– «Հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականության առանցքային սյուներից էին Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները: Դրանք այլևս փակուղո՞ւմ են:
– Ոչ, Հայաստանի Սահմանադրական դատարանը կանաչ լույս է վառել արձանագրությունների վավերացման ճանապարհին: Դավութօղլի-Նալբանդյան հանդիպումները շարունակվում են: Մենք էլ ամեն օր աշխատում ենք թուրքերի հետ: Ջանում ենք, որ Ղարաբաղում առաջընթաց ապահովվի: Ըստ էության այդ երկուսը միմյանցից անջատ գործընթացներ են: Բայց Թուրքիան մտածում է հետևյալ կերպ. Կովկասյան տարածաշրջանում առկա բազմաթիվ հակամարտությունները պետք է լուծվեն: Միգուցե տարբեր արագությամբ առաջխաղացումներ լինե, բայց բոլորն էլ կարևոր են: Դրանք զուգահեռ գործընթացներ են: Անցյալ շաբաթ Մինսկի խմբի ԱՄՆ դեսպանը Անկարայում էր: Այնպես որ ոչինչ էլ փակուղում չէ:
– Բայց Դավութօղլին ՀՀ ՍԴ-ի որոշումն արձանագրությունների տառին և ոգուն հակասող է համարել ու արձանագրությունների ոգին պահպանելու համար երաշխիք է պահաջում:
– Այդ որոշման մեջ որոշ ձևակերպումներ թուրքերին անհանգստացրել են, բայց մենք այդ որոշումը դիտում ենք որպես դրական մի քայլ: Այն ստորագրված արձանագրությունները խորհրդարանում վավերացնելու հնարավորություն տվեց: Ոչ մի սահմանափակում էլ չեմ տեսնում: Այլ երկրներում ասում են` այսինչ հոդվածները հակասահմանադրական են: Մինչդեռ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ նման բան չի ասվում: Մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ արձանագրություններով ստանձնած պարտավորութունները կատարմանը լրջորեն կմոտենան:
– Բայց Սահմանադրության մեջ ասվում է, որ Ցեղասպանության հարցը քննարկման ենթակա չէ: ՍԴ-ն էլ սահմանադրության 11-րդ հոդվածին է հղում տալիս: Սահմանները որոշած պայմանագիրը չեն ճանաչում:
– 11 հոդվածում սահմանի մասին խոսք չկա: ՍԴ-ի որոշման մեջ ասվում է, որ «Հայաստանի իշխանությունները չեն կարող արձանագրութունները մեկնաբանել Անկախության հռչակագրում նշված «Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում իրագործված ցեղասպանությանը» հակասող կերպով: Իրավաբաններին հանձնարարել էինք ուսումնասիրել: Պարզվել է` արձանագրություններում կա հստակ պարտավորություն փաստացի սահմանները, Կարսի պայմանագիրը փոխադարձ ճանաչելու մասին: Իսկ իրականում ինչ լինելը դեռ չհստակեցված, Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանություն որակվող իրադարձությունների վերաբերյալ ոչ մի թաքուն առաջարկ չկա: Մենք չենք տեսնում սահմանների ճանաչումը վտանգի մատնող որևէ օրենսդրական արգելք: Արձանագրություններում ցեղասպանության հարցն առհասարակ չի հիշատակվում: Միայն 1915թ. իրադարձությունները ուսումնասիրելու համար պատմական հանձնաժողով հիմնելու մասին է խոսվում: Այսինքն կողմերի դիրքորոշումների վրա ոչ մի սահմանափակում չի բերվում: Եթե փոփոխությունը հարկադիր լիներ, թուրքերն արձանագրոթւունները չէին կարողանա ստորագրել:
– Եթե սահմանը բացվի ու հայերն ասեն «Ցեղասպանության հարցը չենք քննարկելու», ապա ի°նչ կլինի այդ դեպքում:
– Արձանագրություններում ամեն ինչ շաղկապված քայլեր են: Հանձնաժողովի հիմնումը ներառող քայլեր են արվում: Դրանք բոլորն էլ փոխկապակցված են: Դավութօղլուն արձանագրությունների ոգին է շեշտել: Հասկանում եմ: Երբ Հայաստանի դիրքորոշումը և արձանագրությունների վավերացումն օրակարգ գան ներքաղաքական հարցեր են առաջանալու: Ամերիկայի սենատում էլ այդպիսի հարցերի ականատես ենք: Բացի այդ էլ հայկական կառավարությունը հստակ հայտարարել է, որ սատարում է արձանագրությունները:
– Թուրքիայի գրավոր երաշխիք կտրվի°:
– Մենք աշխատում ենք երկու կողմի կամքն էլ ամբողջապես հասկանալ: Ցանկանում ենք տեսնել` ինչ դուրս կգա արձանագրությունների ոգուց:
– Ասել է թե միջնորդությո°ւն: Շուտով ելակետը կգտնվի°:
– Ոչ, միջնորդություն չէ: Մենք միայն շփվում են բոլոր կողմերի հետ: Ամենքն էլ ճիգ են գործադրում:
Թարգ.Մխիթար Նազարյան
ArmAr.am












