«Հայաստանում ծխախոտի դեմ պայքարն անարդյունավետ է». ՀՀ ԱՆ
«Քարոզչությունն անարդյունավետ միջոց է ծխախոտի դեմ պայքարում»,- այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Թաթուլ Հակոբյանը:
Փոխնախարարի կարծիքով, ծխախոտի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը կլինի ծխախոտի գների թանկացումը. «Եթե մեկ տուփ ծխախոտն արժենա 5 եվրոյից ավելի, ապա յուրաքանչյուր ոք կմտածի նախքան ծխախոտ վրա այդքան գումար ծախսելը»:
Ըստ փոխնախարարի ներկայացրած տվյալների, Հայաստանում ծխախոտի օգտագործման ցուցանիշը բարձր է մնում. «Հայաստանում ծխում են 15 տարեկանից բարձր տղամարդկանց 55 %-ը, իսկ ընդհանուր բնակչության` 27%:
Թաթուլ Հակոբյանի խոսքերով, ծխախոտի օգտագործման բարձր ցուցանիշին զուգահեռ` պահպանվել է նաև սրտանոթային հիվանդությունների մեծ քանակը:
Ներկայացնելով այլ երկրներում ծխախոտի օգտագործման վերաբերյալ ցուցանիշներ` փոխնախարարը նշել է, որ Վրաստանում ծխողների թիվը հասնում է 28 %-ի, Ադրբեջանում` 18%, Թուրքիայում` 33%, ԵՄ երկրներում` 27%, ԱՊՀ երկրներում` 32% :
Ինչ վերաբերում է ալկոհոլի օգտագործման ցուցանիշին, ապա փոխնախարարի խոսքերով, Հայաստանում այն բավականին ցածր է:
ArmAr.am












