Համագործակցության ընդլայնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին:
Ողջունելով հյուրերին` վարչապետը կարեւորել է պարոն Շուվալովի այցը Հայաստան երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համատեքստում և վստահություն է հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափի հարաբերությունների մակարդակից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իգոր Շուվալովը նշել է, որ կարեւորում է փոխգործակցության հարցերը երկկողմ հարաբերություններում եւ ԱՊՀ շրջանակներում` ընդգծելով համագործակցությունը գիտության ու նորարարության բնագավառներում: Կարեւորվել են Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված արարողությունները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2010 թվականը ԱՊՀ-ում հայտարարվել է գիտության եւ նորարարությունների տարի, զրուցակիցներն անդրադարձել են նաեւ համատեղ միջոցառումների իրականացման հարցին: Մասնավորապես, նշվել է, որ արդեն անցկացվում են համատեղ հետազոտություններ կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլյար կենսաբանության, բժշկական գենետիկայի, քիմիական ֆիզիկայի եւ այլ ոլորտներում: Քննարկվել են նաեւ Հայաստանում միջուկային բժշկության զարգացման եւ հայ-ռուսական նորարական կենտրոնի բացման հեռանկարները:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է, եւ ձեւավորված ավանդույթների առկայությունը փոխշահավետ համագործակցության խորացման մեծ հնարավորություն է ընձեռում:
Վարչապետը շեշտել է, որ չնայած տնտեսական ճգնաժամին` Հայաստանը կատարել է ԱՊՀ շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում` ֆինանսական ներդրումները կատարվել են նախատեսված ժամկետից շուտ: Միջոցներ են ձեռնարկվում ԱՊՀ Տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի իրագործման համար:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության խնդիրներին, էներգետիկայի, տրանսպորտի ու այլ ոլորտներում համագործակցության ընթացքին:
ArmAr.am












