Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Հայ-թուրքական «հարաբերությունները» սկսվել են Դեյվիդ Ֆիլիպսից

Փետրվար 5, 2010թ. 14:50

Daivid PhilipsԴեյվիդ Ֆիլիպսի «Բարձրաձայնելով անցյալը. Ժողովրդական դիվանագիտություն և հայ-թուրքական հաշտեցումը» խորագրով գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2005թ. անգլերենով: Այսօր արդեն մեր սեղանին է գրքի հայերեն տարբերակը: Գիրքը նվիրվում է հեղինակի ծնողներին և «հայտնի ոճրագործության զոհերին»:

Չնայած հեղինակն ամեն կերպ փորձեց հավաստիացնել, որ ինքը Հայոց ցեղասպանությունն ընդունում է այնպես, ինչպես կա, սակայն զարմանալիորեն գիրքը նվիրվում է ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ «հայտնի ոճրագործության զոհերին»: Հարկ է նշել, որ աշխարհին բազմաթիվ ոճրագործություններ են հայտնի` սկսած Ամերիկայի հնդկացիների կոտորածից` վերջացրած մինչ օրս շարունակվող Դարֆուրի ցեղասպանությունով:

Գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը կայացավ երեկ, որին ներկա էր նաև հեղինակը. նա Երևան էր եկել Թուրքիայից: Դեյվիդ Ֆիլիպսը նախ պատմեց Հայ-թուրքական հաշտեցման  հանձնաժողովի մասին, որի նպատակն ի սկզբանե հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն է եղել, իսկ հանձնաժողովում ընդգրկվածները երկար ժամանակ վիճել են Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: Հայկական կողմը պնդել է ցեղասպանության իրողությունը` թուրքականը` հերքել: Վեճն ավարտվել է նրանով, որ հանձնաժողովում ընդգրկված մի «շատ խելացի» անձնավորություն եկել է այն եզրակացությանը, որ 1948թ. ընդունված Ցեղասպանության մասին կոնվենցիան հակադարձ ուժով չի կարող տարածվել Հայոց ցեղասպանության վրա, քանի որ կոնվենացիան ավելի ուշ է ընդունվել:

Կոնվենցիայի հակադարձ ուժի հետ կապված փորձեցինք ճշտել, թե ինչու Հոլոքոստի դեպքում կոնվեցիան հետադարձ ուժ ունի, իսկ Հայոց ցեղասպանության դեպքում` ոչ: Բազում տարիներ ԱՄՆ պետքարտուղարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած դիվանագետին հատուկ ձևով նա նախ խոստովանեց, որ լավ հարց էր, սակայն այդպես էլ ծանրակշիռ և հիմնավոր պատասխան չկարողացավ տալ:

Սակայն փոխարենը նշեց, թե ոչ մի կապ չի կարող լինել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և ԱՄՆ վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման միջև: Դեյվիդ Ֆիլիպսը չմոռացավ հեռակա կարգով ՀՀ ղեկավարությանը կոչ անել, անգամ ստիպել ամեն գնով բացել Հայաստանի Հանրապետություն և ներկայիս Թուրքիայի միջև գոյություն ունեցող սահմանը` ասելով, որ ձախողման դեպքում մեղավոր կհամարվեն մեր ղեկավարները: Իսկ դա հիմնավորեց` ասելով, թե ինքը թուրքերի հետ աշխատելու երկար փորձ ունի, և թուրքերը աշխատում են այն դեպքում, երբ ճնշման տակ են:

Ելույթի ընթացքում Դեյվիդ Ֆիլիպսը բազմիցս նշեց, որ անչափ մեծ ցանկություն ունի փոխել մարդկության պատմության ընթացքը, ինչպես նաև շեշտեց, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլով շահագրգիռ կողմերը, կարելի է ասել, պարտական են  Հայ-թուրքական հաշտեցման  հանձնաժողովին, որի նախագահը հենց ինքը` Դեյվիդ Ֆիլիպսն է եղել: Նա նաև խոստովանեց, որ ԱՄՆ-ն վերոնշյալ հանձնաժողովի վրա ծախսել է 2 միլիոն դոլար:

«Այս գրքի հետ կապված քննադատություն շատ կա, քանի որ ասվում էր, թե միակողմ է ներկայացված: Գիրքը կարելի է տարեգրության ժանր համարել, սակայն կան դրվագներ, որոնք ներկայացնում են Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ներքին խոհանոցը և կարող էին անգամ չընդգրկվել գրքում: Օրինակ` երկու թուրք նախկին դիվանագետներ միանում են Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին, քանի որ կազմն անընդհատ փոխվում էր, և բացահայտ ասում, թե դուք` հայերդ, այնքան շատ եկեղեցի եք կառուցել, որ մենք անընդհատ ավերում ենք, սակայն դրանք այնքան շատ են, որ շարունակում են մնալ: Ակնհայտ է, որ քննարկումները վեճերի են հասել: Իսկ այդ գործընթացն ավարտվեց նրանով, որ թուրքական կողմն իրեն պարտված զգաց, որովհետև Անցումային արդարադատության ընկերակցությունը, որին դիմել էին հայկական և թուրքական կողմերը` տվեց եզրակացություն, որտեղ կոչ էր անում բոլոր լրագրողներին, գիտնականներին, քաղաքական գործիչներին ազատորեն օգտագործել «Ցեղասպանություն»  եզրույթը, երբ խոսում են Հայոց ցեղասապանությունից: Սա լիակատար հիասթափություն էր թուրքերի համար, նույնիսկ ցասում առաջացրեց, և իրենց իսկ նախաձեռնությամբ թուրքական կողմի աշխատանքները դադարեցվեցին:

Մեկ այլ դրվագում Թուրքիայի ԱԳ նախկին նախարար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Իլթեր Թուրքմենը Բաքվում բացահայտ  հայտարարում է, որ իրենց մասնակցությունը այս հանձնաժողովին նպատակ ունի դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ինչը տեղի չունեցավ, քանի որ դրանից հետո`  դեկտեմբերին, Շվեյցարիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը , 2004-ին` Արգենտինան, իսկ 2005-ին` Լեհաստանը, Լիտվիան: Բացի այդ, այսօր Հայոց ցեղասպանության թեման Հոլոքոստի հետ ընդգրկված է արտասահմանյան դասընթացներում»,- ArmAr-ի համար մեկնաբանեց հանդիպմանը ներկա Հայկ Դեմոյանը:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն