Թուրքիան, Ղազախստանը և Ռուսաստանը կարող են ակտիվ դերակատարություն ունենալ հակամարտությունների կարգավորման գործում
Ղազախստանի ակտիվ մասնակցությունը ասիական տարածաշրջանի կազմակերպություններին, էներգակիրների բավարար պաշարները և բազմակողմանի արտաքին քաղաքականությունը օրեցօր ուժեղացնում են նրա դիրքերը միջազգային հարաբերություններում:
Բացի այդ, նա լուրջ հնարավորություն է ձեռք բերել եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն դառնալու համար: Սա կարող է ազդել Կենտրոնական Ասիայի նաև մյուս պետությունների վրա` ժողովրդավարական, համաչափ և բազմակողմանի քաղաքականություն իրականացնելու առումով:
ԱՊՀ-ն, որը ստեղծվել է Ռուսաստանի գլխավորությամբ 1991թ., չի կարողանում գործել անդամ պետությունների միջև առկա հակասությունների և տարաձայնությունների պատճառով: Այն շարունակում է գերակա դեր կատարել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունում: Վերջինս հաճախ վարում է փոփոխվող քաղաքականություն, որի նպատակն է պահպանել իր գերազանցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շրջանում:
2001թ. Եվրասիական տնտեսական միությունը ստեղծելուց հետո Ռուսաստանը ջանքեր է գործադրում ԱՊՀ տարածքում ընդհանուր տնտեսական գոտի ստեղծելու և ռուսական ռուբլին ընդհանուր տարադրամ դարձնելու համար: Կարելի է համարել, որ Ռուսաստանը պայքարում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների նկատմամբ իր ազդեցությունը պահպանելու համար:
Դիտարկելով Թուրքիայի, Ղազախստանի և Ռուսաստանի հարաբերությունները` կարելի է եզրակացնել, որ այս երկրները կարող են հեշտությամբ համագործակցել, քանի որ նրանց երկկողմանի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Մինչ Թուրքիան աշխատում է բարելավել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, վերջինս 2007թ. ռազմավարական համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ղազախստանի հետ
Առևտրաշրջանառությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև հասնում է տարեկան շուրջ 40 մլրդ դոլարի, իսկ Ղազախստանի հետ` վերջին հինգ տարիների ընթացքում ավելացել է ութ անգամ: Ռուս-ղազախական հարաբերությունները գնալով խորանում են` ընդգրկելով տարաբեր ոլորտներ` ռազմականից մինչև էներգետիկ:
Ղազախստանի համար Ռուսաստանը նույնպես կարևորագույն տնտեսական և ռազմական գործընկեր է. ղազախական արտաքին առևտրի 70-80 տոկոսը իրականացվում է այդ երկրի հետ` ցույց տալով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը: Այս ճանապարհով երեք երկրները ԵԱՀԿ-ի և ԱՊՀ-ի միջոցով կարող են լուծել առկա խնդիրները և երաշխավորել անվտանգությունն ու կայունությունը Ասիայում:
Միջազգային այս կազմակերպությունները հավակնում են ավելի ակտիվ ու կառուցողական դերակատարություն ունենալ Աֆղանստանի, Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի խնդիրները լուծելու առումով:
2010թ. մեծ հնարավորություններ է ընձեռում Ասիայում կարևոր դերակատարություն ունեցող այնպիսի պետությունների համար, ինչպիսիք են Թուրքիան, Ղազախստանը և Ռուսաստանը:
ArmAr.am












