Հանդիպում` ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովում
Փետրվարի 5-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Եվրախորհրդին կից գործող կանանց լոբբի ներկայացուցիչ Մարշա Սքոթին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին:
Ն. Զոհրաբյանը հյուրերին տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստեղծվել է` հիմքում ունենալով Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականության գերակայություն հռչակված եվրոպական ինտեգրացիան և համակարգում է Եվրամիության, ինչպես նաև` Եվրախորհրդի հետ կապված խորհրդարանական հարաբերությունները, զբաղվում է ՀՀ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցմամբ:
Անդրադառնալով եվրաինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, Նաիրա Զոհրաբյանը կարևորեց Եվրամիության հետ հարաբերությունները, մասնավորապես «Արևելյան գործընկերության» չորս պլատֆորմներով տարվող աշխատանքները, որում իր լուրջ մասնակցությունն ունի Հայաստանի խորհրդարանը։ Այս ընթացքում, ըստ հանձնաժողովի նախագահի, խորհրդարանն աշխատում է «Արեւելյան գործընկերության» խորհրդարանական ձեւաչափի՝ «Եվրանեսթի» կանոնադրության, ինչպես նաեւ՝ «Եվրանեսթում» քննարկվելիք խնդիրների փաթեթի մշակմամբ, որի անդրանիկ նիստը նախատեսվում է գումարել մարտի երկրորդ կեսին։ Առաջիկայում խորհրդարանում կձեւավորվի «Եվրանեսթի» հայկական պատվիրակությունը։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հյուրին նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 9-ին՝ «Եվրոպայի օրը» հանրապետության հանրակրթական դպրոցներում կանցկացվի բաց դաս՝ նվիրված մեր երկրում եվրոպական արժեքների տարածմանը։
Կողմերը պայմանավորվեցին առավել սերտ համագործակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության վարչություն












