Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային

Փետրվար 5, 2010թ. 20:04

MAR_7781Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային: Նա Հանրապետության Նախագահին հանձնել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նամակը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է Դաֆինա Գերչեւային այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը: Նա հույս է հայտնել, որ նորանշանակ մշտական ներկայացուցիչն իր աշխատանքով կնպաստի Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության ընդլայնմանը:

Դաֆինա Գերչեւան իր հերթին գոհունակություն է հայտնել գերազանց համագործակցության առթիվ, որի վկայությունն է համարել 2010-2015թթ. ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագիրը: Նշելով,  որ անցած տարի հաջողությամբ ավարտվել է ծրագիր առաջին փուլը, իսկ  ներկայումս սկսվել է երկրորդը`  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր նպատակներից մեկը կայուն զարգացմանն աջակցելն է, եւ ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերը համապատասխանեցված են Հայաստանի առաջնահերթություններին, որոնց թվում են աղքատության կրճատման, հանրային ծառայությունների` կրթության, առողջապահության հասանելիության ապահովման, ապակենտրոնացման, աղետների դեմ պայքարի խնդիրները:

Երկրի ղեկավարի խոսքով` այն արժեքները, որոնց դավանում է ՄԱԿ-ը որպես կազմակերպություն, դավանում է նաեւ Հայաստանը որպես պետություն, ուստի մեր շահերն ընդհանուր են: Սերժ Սարգսյանն առաջնային է համարել մարդկային բարեկեցության, իրավական պետության կառուցման խնդիրները:

Նորանշանակ պաշտոնյան վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում իր նպաստը կբերի Հայաստանում ՄԱԿ-ի ներգրավվածության բարձրացմանը, ունի նոր գաղափարներ եւ կանի հնարավորը, որպեսզի իրականացվող ծրագրերը լավագույնս եւ առավել արդյունավետությամբ ծառայեն Հայաստանի ժողովրդի բարեկեցությանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն