Դավութօղլու-Ալիև հանդիպում` Մյունխենում
Գերմանիայի Մյունխեն քաղաքում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթը:
Հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրներին` «Zaman»-ը հայտնում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, կարծիքներ փոխանակել Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշման վերաբերյալ:
Դավութօղլուն վերահաստատել է Անկարայի դիրքորոշումն առ այն, ըստ որի, հայ-թուրքական սահմանը չի բացվի առանց ղարաբաղյան խնդրի լուծման:
Ադրբեջանի նախագահը Դավութօղլուին տեղեկություններ է հաղորդել անցած ամիս Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպման մասին, ներկայացրել ղարաբաղյան խնդրի լուծմանն առնչվող վերջին զարգացումները: Դավութօղլուն էլ իր հերթին Ալիևին է ներկայացրել Անկարայի մտահոգությունները` կապված ՀՀ ՍԴ-ի որոշման հետ և այդ թեմայով Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու ՀՀ արտգործնախարարի հետ Լոնդոնում ունեցած քննարկումները:
Տեղեկացվում է նաև, որ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է նաև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը միջնորդած Շվեյցարիայի արտգործնախարարի հետ:
ArmAr.am












