Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Որպես պանիր արտահանող երկիր` Հայաստանն առաջիկայում կարող է հավասարվել աշխարհի զարգացած երկրներին

Փետրվար 6, 2010թ. 14:10

2«Հայկական պանիր» ընկերությունն առաջիկայում նախատեսում է «Հայկական պանիր» ապրանքանիշի ներքո հավաքել Հայաստանում արտադրվող պանրատեսակները և մեկ անվան ներքո իրականացնել հայկական պանրի արտահանումը:

Ընկերությունն ստեղծվել է դեռևս անցած տարեվերջին. այն 50/50 մասնաբաժնով պետական և մասնավոր ընկերությունն է` «Զարգացման Հայկական գործակալության» և «Պանրագործների ասոցիացիայի» մասնակցությամբ:

Ընկերության գերնպատակն է պետության աջակցությամբ կազմակերպել հայկական պանրատեսակների արտահանումն արտերկրում մեծ սպառում ապահովող շուկաներ: Ի՞նչ փուլում է գտնվում միջազգային շուկայում հայկական պանիրը ներկայացնելու այս նախաձեռնությունը, ինչպե՞ս են ընթանում աշխատանքները, ի՞նչ դժվարություններ կան կամ կարող են լինել այդ ճանապարհին։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխանում է Հայաստանի պանրագործների միության և «Հայկական պանիր» կազմակերպության տնօրեն Արմեն Գիգոյանը։

-Պարոն Գիգոյան, այսօր արդեն մոտավոր պատկերացում ունե՞ք, թե սկզբնական շրջանում ինչպիսին կլինի պահանջարկը, և հիմնականում ո՞ր եկրներ կարտահանվի հայկական պանիրը։

-Պահանջարկի մասին առայժ ոչինչ ասել չեմ կարող, սակայն արտահանման համար նախապես ընտրվում են թիրախներ, ինչը և արվում է, օրինակ՝ տվյալ երկրում հայկական համայնքի առկայությունը, հայկական պանրի հավանական օգտագործողները և այլն, և ըստ այդմ կատարվում են հաշվարկներ։ Շվեյցարիայում թուրքերը հասան նրան, որ իրենք արդեն թուրքական պանիր են վաճառում, բայց դա չի նշանակում, որ թուրքական պանիրը լավն է։ Նրանք դա անում են` թուրքական համայնքի գործոնը օգտագործելով։ Եթե նայում ենք վիճակագրությանը, աշխարհում կան քաղաքներ՝ օրինակ Մոսկվան, Լոս Անջելեսը…, որտեղ շատ են հայերը և, բնականբար, որպես թիրախ նախ պետք է ընտրվեն այդ երկրները…

Շատերն այն կարծիքին են, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը տնտեսապես բացասական հետևանքներ կարող ունենալ տեղական արտադրողի համար` նկատի ունենալով ավելի էժան ապրանքի ներհոսքը…

-Էժան մենք էլ կարող ենք արտադրել, խնդիրը ոչ թե էժան, այլ որակյալ ապրանքն է։ Թուրքիան երբեք չի կարող ունենալ այնպիսի կաթ, որն ունենք մենք, մեր արոտավայրերի որակը Թուրքիան չունի, ուստի նա չի կարող մրցակից լինել մեզ։

-Պանրի ո՞ր տեսականիներն եք նախատեսում արտահանել։

– Հիմնականում կարտահանվեն մեր ավանդական պանրատեսակները։

-Եթե առաջիկայում պահանջարկը մեծանա, կա՞ն համապատասխան ռեսուրսներ այն ապահովելու համար։

-Ըստ մեր կանխատեսումների, խիստ մեծ պահանջարկ չի լինի։ Արտահանման ծավալներն աստիճանաբար են զարգանալու. դրան զուգահեռ` կաթի քանակը, մթերումը կավելանան, որակը կլավանա, տեխնիկապես ավելի զինված կլինենք և աստիճանաբար կհասնենք նրան, որ որպես պանիր արտահանող երկիր կհավասարվենք աշխարհի զարգացած երկրներին։ Մենք այդ բազան ունենք։

Տեխնիկական վերազինման հետ կապված խնդիրներ այսօր չունե՞ք։

-Իհարկե ունենք, բայց կան բանկեր, միջազգային կազմակերպություններ, որոնք այդ խնդիրները լուծելու համար մեզ արտոնյալ  վարկեր են տրամադրում, կան կազմակերպություններ էլ, որոնք պատրաստ են կորպորատիվ ներդրումներ կատարել։ Սակայն խնդիրն այն է, թե պահպանողական հայացքներ ունեցող մեր պանրագործները կհամաձայնե՞ն դրան, թե՞ ոչ։  Բնական է, որ նրանք կարող են կասկածներ ունենալ. կասկածները կփարատվեն, երբ նրանք արդյունք տեսնեն, ինչը շատ կարևոր է։

-Ե՞րբ եք նախատեսում առաջին խմբաքանակի արտահանումը։

-Մեր առջև դրված վերջնաժամկետը մայիսն է. մայիսին արդեն պետք է ունենանք պատվերների ցանկը՝ պայմանագրերի տեսքով։

-Այսինքն բանակցություններն արդեն ընթանում են. եթե գաղտնիք չէ, ո՞ր երկրների հետ։

-Այս պահին՝ Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի։ Առաջիկայում՝ ԱՄՆ-ի։

-Վստա՞հ եք, որ այս նախաձեռնությունը չի ձախողվի։

-Եթե վստահ լինենք, որ չի ձախողվի, ուրեմն՝ անպայման կձախողվի։ Իհարկե վստահ չենք, իհարկե պետք է աշխատանք տանենք, որ չձախողվի։

Մենք վստահ չենք, որ գործի կեսին պանրագործը զգոնությունը չի թուլացնի։

Քանի որ ապրանքանիշը «Հայկական պանիր» կազմակերպության սեփականությունն է, մեր կազմակերպությունը պետք է հոգա, որ իմիջի հետ կապված թերացումներ չլինեն։

-Քանի՞ անդամ ունի կազմակերպությունը։

-Կազմակերպության հետ համագործակցում են մոտ 40 պանրագործարաններ. այդ քանակն աճում է։ Սակայն ոչ բոլորը կարող են մեր միության անդամ դառնալ կամ համագործակցել մեզ հետ։ Դրա համար նախապայման է այն, որ տվյալ արտադրողը իրավաբանական անձ լինի, բացի այդ՝ գործարանային արտադրություն ունենա…

-Դուք ծրագրում եք նաև այծի պանրի արտահանում. Հայաստանում բավարար քանակությամբ այծ կա՞, որ այնքան կաթ ապահովվի, որ դրանից պատրաստված պանիրը հնարավոր լինի արտահանել։

-Լավագույն դեպքում          տարեկան կարող ենք ունենալ 40տ կաթ, որն, իհարկե,  քիչ է։ Այդպիսի կաթով պանիր պատրաստողներն ասում են, որ զարգացումներ, իհարկե աստիճանաբար կարող են լինել. Նախանշվում է մինչև 100տ կաթի ծավալ։ Այծի պանիրը թանկ է, և դրա արտահանումը ձեռնտու է։ Կան արտադրողներ, որոնք տեխնիկապես զինված են, փորձ ունեն… առայժմ այծի պանիր արտահանելու համար հիմնական խոչընդոտը որակն է, այն պետք է համապատասխանեցվի միջազգային չափանիշներին։ Դա տեխնիկական խնդիր է։ Եթե համապատասխան աշխատանք տանենք, անշուշտ, այդ խնդիրը ևս դրական լուծում կստանա։

Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն