Արցախն իր ստեղծած ժողովրդավարական արժեքներով անհամատեղելի է Ադրբեջան կոչվող բռնապետության հետ
Ադրբեջանի նախագահ Իլhամ Ալիևի վարկը վաղուց է սկսել հայտնվել կասկածելի հորիզոնականներում: Եվ միջազգային հանրության համար էլ վաղուց պարզ է դարձել, որ հանձին Ադրբեջանի գործ ունեն բռնատիրական մի երկրի հետ, ուր, օրինակ, նախագահական ընտրություններ` որպես այդպիսին, տեղի չեն ունենում, քանզի նախագահի աթոռը փոխանցվում է ոչ թե քաղաքական ընտրապայքարի արդյունքում, այլ տոհմաբուծական սկզբունքներով…
Ե’վ նախագահական, և’ խորհրդարանական ընտրություններ կոչվածն այս երկրում ընդամենը ֆարս է` Եվրոպայի աչքին «թոզ փչելու» միջոց:
Եվ ահա, այս երկրի բռնապետն ու իր իշխանական խամաճիկները երեկ հերթական աղմուկն էին բարձրացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսվող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Դեռ էս գլխից միջազգային հանրությանը հաթաթա են տալիս, թե իրավունք չունեք դիտորդական մասնակցություն բերել ու ճանաչել այդ ընտրությունները: Իսկական զավեշտ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Արցախում տեղի ունեցած բոլոր ընտրություններին մշտապես մասնակցել են միջազգային բազմաթիվ դիտորդներ: Վերջիններս, չնայած սեփական երկրների կողմից կանխավ տրված` զուսպ արտահայտվելու հրահանգին, այնուհանդերձ, անկարող են եղել թաքցնել իրենց գոհունակությունն ու չարձանագրել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված ընտրությունները եղել են արդար, թափանցիկ ու ժողովրդավարական սկզբունքներին համարժեք:
Դառնանք Ադրբեջանի` «ժողովրդավարության վիճակին»: Ի դեպ, օրերս Euronews-ը հարցազրույցի էր հրավիրել Ադրբեջանի նախագահին. հեռուստաեթերում Իլhամը երևաց իր բռնապետական ողջ «ճոխությամբ», իսկ եվրոպացի լրագրողը առիթը բայց չթողնելով` հանդիպման սկզբից մինչև վերջ, եվրոպացուն հատուկ «մեղմությամբ», ծաղրի ենթարկեց` իր երկրում իրեն «թագավոր զգացող» «առաջնորդին»:
Ներկայացնում ենք մի հատված հիշյալ հարցազրույցից:
Euronews – Մամուլում հաճախ են հիշատակվում Ձեր արտահայտությունները, ըստ որոնց, եթե հայկական կողմը դուրս չբերի իր զորքերը Ադրբեջանի 7 զբաղեցրած տարածքներից և դրանք չվերադարձնի ձեզ, ապա Բաքուն պատրաստ է այդ հողերը վերադարձնել ռազմական ճանապարհով: Դուք հիմա է՞լ նույն դիրքորոշումն ունեք:
Իլհամ Ալիև – Ինչպես արդեն հիշատակեցի, դա Ադրբեջանի հիմնարար իրավունքն է, որը մեզ տրվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից: Մենք չենք կարող թույլ տալ, որ հակամարտությունը այսպիսի սառեցված վիճակում մնա ևս 15 տարի:
Euronews- Այն սառեցված է արդեն 16 տարի:
Իլհամ Ալիև – Հասկանալի է…և դրան պետք է վերջ դրվի: Մենք ցանկանում ենք դրան վերջ դնել խաղաղ միջոցներով և աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ, մեր համբերությունը սահման ունի: Ես հուսով եմ, որ ձեռք բերված համաձայնությունները վերջ կդնեն հակամարտությանը, և Կովկասում խաղաղություն կհաստատվի:
Euronews- Ձեր երկրում հաստատվել է առաջին ժողովրդավարական հանրապետությունը մուսուլմանական աշխարհում մինչև այն ժամանակ, երբ Ադրբեջանը բռնի ընդգրկվեց ՍՍՀՄ կազմում: Ի՞նչ կպատասխանեք նրանց, ովքեր ասում են, որ Դուք երկիրը ղեկավարում եք` որպես հետխորհրդային բռնապետություն:
Իլհամ Ալիև – Նման արտահայտությունները մեզ համար վիրավորական են: Մենք հաճախ դառնում ենք չարդարացված, ծայրահեղ միտումնավոր քննադատական հարձակումների թիրախ, լինի դա միջազգային լրատվամիջոցներում, թե, այսպես կոչված, միջազգային իրավապաշտպան խմբերի կողմից: Ադրբեջանը որպես ոչ ժողովրդավարական երկիր ներկայացնելու այդ բոլոր փորձերը անընդունելի են:
Euronews- Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ այն պնդումը, որ Ադրբեջանում ընդդիմությունը զրկված է քաղաքական որևէ հնարավորությունից, և դուք խոսքից զրկում եք Ձեր շատ ընդդիմախոսների:
Իլհամ Ալիև – Դե, այստեղ արդեն խոսքը ժողովրդին է պատկանում… մենք մեղավոր չենք, որ Ադրբեջանում կա թույլ ընդդիմություն: Ես նույնիսկ Ձեզ չեմ կարող ասել, թե ինչու է ընդդիմությունը գտնվում այսպիսի…աղետալի վիճակում, որովհետև Ադրբեջանի ժողովուրդը գնալով ավելի ու ավելի լավ է ապրում…:
Euronews- Բայց 2009թ Սահմանադրության հանրաքվեով վերացվեց նախագահական մանդատ ստանալու սահմանափակումը: Դուք ցանկանում եք անվերջ մնալ իշխանության ղեկի՞ն:
Իլհամ Ալիև – Գիտեք, դա չի արվել…ինչ-որ անձնական նկատառումներով: Այդպիսի պրակտիկա գոյություն ունի աշխարհի շատ երկրներում:
Euronews- Ժողովրդավարական երկրներում` ոչ:
Իլհամ Ալիև – Դե, նայած որտեղ…Եթե, օրինակ, պետության նոմինալ ղեկավարը հանդիսանում է թագավորը, իսկ վարչապետը կարող է վերընտրվել թեկուզ 5 անգամ անընդմեջ, այդ կարգը շատ չի տարբերվում մեր իրադրությունից: Նայեք եվրոպական երկրներին և դուք կտեսնեք…
Euronews- Դուք երբեմն-երբեմն Ձեզ թագավոր չե՞ք համարում:
Իլհամ Ալիև – Ոչ, ոչ, ես ինձ համարում եմ գործադիր իշխանության ղեկավար. Ձեր երկրների օրինակով դա վարչապետն է, որը կարող է վերընտրվել բազմաթիվ անգամ: Ինչու՞ պիտի ժողովուրդը զրկված լինի նույն իրավունքից, եթե ունի ընտրության հնարավորություն:
Euronews- Իսկապես, ԵԹԵ…
Իլհամ Ալիև – …Այդ ժամանակ նրանք կընտրեն ում ցանկանան: Եթե…Իսկ ժողովրդավարացման գործընթացը Ադրբեջանում բավական ակտիվ է: Եվ հետո, չէ՞ որ մենք չենք միջամտում ձեր երկրների ներքին գործերին` չնայած շատ բան կա, որ մեզ դուր չի գալիս, որ մենք կարող էինք առարկել կամ համարել ծիծաղելի: Բայց մենք դրանց մասին չենք խոսում:
Euronews- Օրինա՞կ:
Իլհամ Ալիև – Մենք ոչինչ չենք ասում և մեզ պահում ենք չափազանց նրբանկատ: Երկրի ներքին խնդիրները, նրա ավանդույթները, պատմությունը, քաղաքական համակարգը, ազգի առաջնորդների հանդեպ վերաբերմունքը պետք է թողնել այդ երկրի ժողովրդին, նա պետք է որոշի:
Euronews- Այո, բայց Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է…
Իլհամ Ալիև – Եթե որևէ մեկը…Եթե որևէ մեկը ցանկանում է օգտվել ժողովրդավարության չափանիշներով` իր նպատակներին հասնելու համար, մենք դա թույլ չենք տա:
Euronews – Նախագահ Ալիև, շնորհակալություն զրույցի համար:
Իլհամ Ալիև – Շնորհակալություն Ձեզ:
Եվ ահա այս բռնատիրական երկիրը շարունակում է իր զավթողական նկրտումները դրսևորել իր անկախությունը վերագտած Արցախի Հանրապետության նկատմամբ: Մինչդեռ Արցախն իր անկախության 18 տարիների ընթացքում ստեղծած ժողովրդավարական արժեքներով պարզապես անհամատեղելի է Ադրբեջան կոչվող բռնապետության հետ:
Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ևս գիտակցի, որ ազատ ու անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական Արցախը երբե’ք չի կարող տեղավորվել բռնապետական Ադրբեջանի սահմաններից ներս: Եթե Եվրոպան հավատարիմ է իր իսկ ստեղծած արժեքային համակարգին և երկակի ստանդարտները չեն խաթարել այդ համակարգը…
ArmAr.am












