Ռուբեն Սաֆրաստյան. «ԱՄՆ Ցեղասպանության ճանաչումը դրականորեն կազդի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա»
«Եթե ԱՄՆ Կոնգրեսն իսկապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ապա այն կլինի դրական ազդակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակելու համար»,- ասել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` խոսելով ԱՄՆ Կոնգրեսում մարտի 4-ին սպասվող Հայոց Ցեղասպանության ճանաչման 252 բանաձևի քննարկման մասին:
Ըստ թուրքագետի, ԱՄՆ ճնշումները նաև Ցեղասպանության ընդունման տեսքով, կարող են ազդել Թուրիքայի կողմից` մինչև ապրիլի 24-ը արձանագրությունները վավերացնելուն: Ավելին` «այն կազդի ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների վրա, այլև ցեղասպանության ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում շարունակելու համար»:
«Այն հանգամանքը, որ Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը գտնվում է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում, վկայում է այն մասին, որ ներկա փուլում ամերիկահայ համայքը և ողջ հայությունը որոշակի հաջողության են հասել: Արդեն սպասվող քվեարկությունը կլինի հաջորդ քայլը ԱՄՆ կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Ես հույս ունեմ, որ հանձնաժողովը դրական որոշում կընդունի և բանաձևը կուղարկի Կոնգրեսի քննարկմանը»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը: Իսկ բանաձի ընդունման հավանականությունը նա կապում է այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ ներկայիս ղեկավարները նախկինում (սենատոր եղած ժամանակ) կողմ են եղել Ցեղասպանության ճանաչմանը:
ArmAr.am












