Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

Արցախում լուրջ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի արտադրության ուղղությամբ

Փետրվար 8, 2010թ. 15:21

16123581245251028Էլեկտրաէներգիայի արտադրություն եւ բաշխում, գազիֆիկացում, տրանսպորտ եւ կապ: Ահա նման ընդգրկուն եւ պատասխանատու ոլորտներ են վերահսկվում  ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության կողմից:

Իսկ թե ինչ է արվել նշված ուղղություններում անցած մեկ տարվա ընթացքում` ոլորտի պատասխանատուներն  օրերս ներկայացրեցին հանրապետության նախագահին:

Հաշվետու հանդիպմանը ներկա էին նաեւ վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը:

Էներգետիկայի ոլորտը շարունակում է մնալ համընդհանուր ուշադրության կենտրոնում: Պատահական չէ, որ արտադրական ենթակառուցվածքների վարչության պետն ամենայն մանրամասնությամբ անդրադարձավ այստեղ կատարված աշխատանքներին:

Շարունակվում է ենթակայանների բարեկարգման ծրագիրը: Մոտ ապագայում պատրաստ կլինի Շուշիի նոր հանգուցային ենթակայանը` ապահովված ժամանակակից սարքավորումներով:

10 կՎ ցանցում կառուցվել է 18 եւ վերանորոգվել 23 կմ օդային գիծ: Ձեռք են բերվել 18 միավոր մասնագիտացված մեքենաներ`  540 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ:  Ուշադրության կենտրոնում է եղել հատկապես Քաշաթաղի շրջանը:

Կատարված աշխատանքների արդյունքներն արդեն տեսանելի են:  Եթե 2007 թվականին տեխնիկական կորուստները կազմել են 22 տոկոս, 2008-ին` 16,4 տոկոս, ապա 2009 թվականին պլանավորված 16-ի դիմաց էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստները կազմել են 13,6 տոկոս:

Զգալի աշխատանքներ են կատարվել էլեկտրաէներգիայի արտադրության ուղղությամբ: Այս ոլորտի աշխատանքները համակարգում է «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությունը:  2009-ին ընկերության բաժնետոմսերի բաց բաժանորդագրման արդյունքում տեղաբաշխվել է 800-ից ավելի բաժնետոմս: Հավաքված գումարը ուղղվել է նոր հիդրոէլեկտրակայանների շինարարությանը: Ներկայումս ընթացքի մեջ են Մատաղիս-1, Մատաղիս2, Թրղե-1, Թրղե-2 ՀԷԿերի կառուցման աշխատանքները: Պատասխանատուները չեն բացառում, որ այդ աշխատանքները անգամ ժամկետից շուտ կավարտվեն: Դրանով, սակայն, էլեկտրաէներգիայի լրացուցիչ հզորությունների ապահովմանն ուղղված աշխատանքները չեն սահմանափակվի: Արդեն պատվիրվել են եւս 4 ՀԷԿերի նախագծեր:

Տարին արդյունավետ է եղել գազիֆիկացման ուղղությամբ կատարված աշխատանքներում: Այսօրվա դրությամբ երկնագույն վառելիքով ապահովված է հանրապետության 80 բնակավայր կամ բնակչության 80-82 տոկոսը: Այդ ցուցանիշների բարելավմանն ուղղված աշխատանքները 2009 թվականին բավականին ընդգրկուն էին:

Տարին «Արցախգազի» համար դյուրին չի եղել: Ընկերությունը զգալի վնասներ է կրել հատկապես դրամի արժեզրկման հետևանքով: Այնուամենայնիվ, այստեղ չեն խուսափում խոսել  նաև այսպես ասած,  ոչ շահութաբեր ծրագրերի մասին` խոսքը վերաբերում է ծայրամասային բնակավայրերի գազիֆիկացմանը: «Արցախգազի» ղեկավարը վստահեցնում է, որ  խնդրի արդյունավետ լուծման ուղիներ են մշակվում:

Փոստային կապի բարելավմանն ուղղված աշխատանքների արդյունքները անզեն աչքով են նկատելի: Ընկերությունն արդեն ապահովել է իր արդյունավետ ներկայությունը հանրապետության շրջաններում: Պետական և մասնավոր տարբեր կառույցների հետ համագործակցության արդյունքում «Արցախփոստը» իրականացնում է ոչ միայն առաքումներ, այլև էլեկտրաէներգիայի, բնական գազի ֆիքսված և բջջային հեռախոսների վարձավճարների հավաքագրում: Գործընկերների շարքը դեռևս համալրվում է: Դրանց թվում են ԼՂՀ ոստիկանությունը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և Ստեփանակերտի նոտարական գրասենյակը:

Արցախի ներդրումային հիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն, «Արցախփոստի» բաժանմունքների միջոցով է իրականացվում հիմնադրամի տրամադրած փոխառությունների մարումների հավաքագրումը:

«Արցախփոստն» արդեն նաև նամականիշերի թողարկման զգալի փորձ ունի: 2009-ին դրանց իրացումից ստացված շահույթը կազմել է 17 միլիոն դրամ: Այս և մնացած ուղղություններում արձանագրված ձեռքբերումները կշարունակեն զարգացնել արդեն 2010 թվականին:

2009 թվականը ձեռքբերումներով էր հարուստ նաև հեռահաղորդակցության ոլորտում: Թվերը ինքնին խոսուն են. 2009 թվականին Արցախի  հանրայինի հեռուստածրագիրերն արդեն հասանելի են ԼՂՀ տարածքի ավելի քան 80 տոկոսում` տարեսկզբի 65 տոկոսի դիմաց: Ընդլայնվել է բջջային հեռախոսակապի ծածկույթը: Խոսվեց նաև ոլորտում առկա խնդիրների մասին:

Կատարված աշխատանքների առթիվ երկրի ղեկավարի գնահատականները կլինեն ավելի ուշ`  ներկայացված զեկույցների ուսումնասիրությունից հետո:

Ն.Հովսեփյան

Ստեփանակերտ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն