Թուրքիան փորձում է ժամանակ շահել ու առեւտուր անել ԱՄՆ-ի հետ
Հայ- թուրքական գործընթացի ներկա փուլն այսօր գնահատել ու առաջիկա հնարավոր զարգացումներն են կանխատեսել ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ու «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Քննարկման երկու մասնակիցների կարծիքով էլ հայ- թուրքական գործընթացը դանդաղել է, բայց փակուղի չի մտել:
Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ` Թուրքիան փորձում է ժամանակ շահել ու առեւտուրը Միացյալ Նահանգների հետ դարձնել ավելի առարկայական:
«Մոտակա երկու ամիսների ընթացքում Թուրքիայի կողմից ականատես կլինենք որոշակի քայլերի, որոնք կբխեն հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման տրամաբանությունից»:
Երկու բանախոսներն էլ համոզմունք են հայտնել, թե առաջիկա երկու ամիսների ընթացքում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կսկսի քննարկել հայ-թուրքական արձանագրությունները:
«Մեր հիմնական նախապայմանը հայ- թուրքական հաշտեցման գործընթացում նախապայմաններով չառաջնորդվելն է»,- ասում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա, Թուրքիան փորձում է ռազմավարական առումով ավելի կարեւոր դեր ստանձնել Հարավային Կովկասում եւ այդ կերպ լուծում տալ այն խնդիրներին, որոնք կանգնած են իր եւ ռազմավարական ընկերոջ` Ադրբեջանի առջեւ:
«Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան փաստացի հանդիսացել է եւ հանդիսանում է Ղարաբաղյան հակամարտության կողմ: Սա կարևոր էլեմենտ է»:
Ինչպես նկատում է Գագիկ Հարությունյանը. «Եթե Ադրբեջանը զուտ մարտավարական նպատակ է հետապնդում, ապա Թուրքիան ռազմավարական քայլեր է անում: Հայաստանը պայմաններ չդնելով՝ փորձում է գործընթացը տանել առանց նախապայմանների ու բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»:
Ի դեպ, քաղաքագետը վերջին զարգացումների մեջ երկու ձեռքբերում է մատնանշում.
առաջինը, փորձագետի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած այցն էր:
«Սա շատ հետաքրքիր դիվանագիտական հնարք էր։ Իրանի միջոցով հնչեցին մի քանի թեզեր, որ Հայաստանն այս գործընթացում այլընտրանք ունի».
երկրորդը` Սահմանադրական դատարանի որոշումն է: «Բավականին զուսպ, լուրջ որոշում ընդունվեց, որով ասվեց, որ մենք շարժվելու ենք մեր Հռչակագրի եւ Սահմանադրության սահմաններում»:
Ռուբեն Սաֆրաստյանը հավանական է համարում, որ Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կսկսի քննարկել հայ- թուրքական արձանագրությունները, եւ դրան ականատես կլինենք առաջիկա երկու ամիսների ընթացքում: Նաեւ աննպատակահարմար է համարում, որ Հայաստանի Ազգային ժողովը սկսի փաստաթղերի քննարկումը, քանի դեռ դրանց ընթացք չի տվել Թուրքիայի խորհրդարանը:
Իսկ ընդհանրապես կարծում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը , հատկապես վերջին շրջանում, սկսել է արկածախնդրության տարրեր ներառել: Դրա ապացույցն են.« Թուրքիայի արտգործնախարարի վերջին իրարամերժ հայտարարությունները: Դրանք, համենայն դեպս, նախագահների հայտարարությունների մակարդակով աջակցություն չեն ստանում ոչ Միացյալ Նախանգների, ոչ էլ Ռուսաստանի կողմից»:
ArmAr.am












