Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Արման Մելիքյան.«Սխալ քաղաքականության արդյունքում անցանկալի կերպով ակտիվացավ Ղարաբաղի հարցը»:

Փետրվար 9, 2010թ. 14:19

a-12456-b «Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը մկնախաղ է: Հայաստանի կողմից համարժեք քաղաքականության բացակայության խնդիր կա: Զուգահեռաբար ընթացող երկու գործընթացներում` հայ-թուրքական հարաբերություններ և Ղարաբաղի խնդիր, մեր դիրքերը թուլանում են»: Այս կարծիքն է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Ստեղծված իրավիճակի պատճառը նա համարում է այն, որ երբ նախաձեռնվում էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, Հայաստանը դրա շարունակականության վերաբերյալ որևէ պատկերացում չուներ: «Դա պարզապես օդում կրակոցի նման մի քայլ էր, որը հանգեցրեց մի իրավիճակի, որում անցանկալի կերպով ակտիվացավ Ղարաբաղի հարցը»:

Մինչև հայ-թուրքական գործընթացի սկիզբը երկու երկրների հարաբերությունները սառեցված կամ չեզոք էին, ապա գործընթացի ձախողման դեպքում ձեռք կբերենք լրացուցիչ շատ ակտիվ հակառակորդ և թշնամի` հանձին Թուրքիայի: « Թուրքիան երբեք իր գործողություններով բարյացակամություն չի դրսևորել Հայաստանի հանդեպ, և ձախողման դեպքում Թուրքիան կակտիվացնի իր հակահայկական գործողությունները տարածաշրջանում»,-համոզված է  Արման Մելիքյանը:

Քաղաքական գործիչն իր խոսքը համոզիչ դարձնելու նպատակով դիմեց պատմական փորձին. «100 տարի առաջ ստվար հայություն էր ապրում Կոստանդնուպոլսից մինչև Բաքու: Այսօր մի փոքրիկ սեպ է մնացել հայաբնակ: Այս իրավիճակը ստեղծվել է քաղաքական մտածողության բացակայության հետևանքով: Հիմա ժամանակն է սթափվելու: Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ իրենք պատասխանատվություն են ստանձնել, իրականում իմ տպավորությամբ պատրաստ չեն այս գործընթացներին: Հայաստանն այնպես տարավ գործընթացը, որը միտված չէր հարաբերությունների կարգավորմանը, այլ հախուռն գրոհի փորձ էր, որի պատճառով մոտ ապագայում անհնար կլինի կարգավորել հարաբերությունները»,- ասել է Արման Մելիքյանը:

Նրա կարծիքով, այսօր գոյություն ունի դեպքերի զարգացման մի քանի սցենար: Դրանցից մեկն այն է, որ հնարավոր է տեղի ունենան հայ-թուրքական ուղղակի բանակցություններ: «Հայաստանը կարող է հաջողությունների հասնել, եթե փոխի իր աշխարհաքաղաքական ֆունկցիան` թուրքական աշխարհին զսպելու, անջրպետելու դերը: Հայաստանն իր այդ դերը արդեն 1 դար է կատարում է զգալի կորուստների գնով: Եթե ԱՄՆ-ն շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, հնարավոր է ստեղծվի ռուս-թուրքական դաշինք: Դրա հետևանքով էլ կարող ենք կորցնել Արցախը և ազատագրված տարածքները»,-նշել է Մելիքյանը:

Մելիքյանը խոսել է նաև  պատերազմի հավանականության մասին, ու նկատել, թե այն չի կարելի բացառել.«Պետք է ցանկացած պահի պատրաստ լինել պատերազմական գործողությունների վերսկսմանը: Ճիշտ է, դրա հավանականությունը ավելին չէ, քան 5 տարի առաջ, բայց 5 տարի առաջ էլ այն բավական բարձր էր»,-եզրափակել է  Արման Մելիքյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն