Վլադիմիր Զախարով. «Պանթյուրքիզմի գաղափարախոսները մշակեցին հայ ժողովրդին բնաջնջելու հրեշավոր ծրագիրը»
«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի հայ ժողովրդից»,- ըստ «Armenia Today»-ի` կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը:
Նա զուգահեռներ է անցկացրել Բաքվում եւ Սումգայիթում իրականացված հայկական ջարդերի եւ 1915 թվականի Ցեղասպանության միջեւ:
Քաղաքագետի կարծիքով` ադրբեջանական քաղաքներում իրականացված ջարդերի արմատները 20-րդ դարասկզբի Օսմանյան Թուրքիայում են, երբ իշխանության էին եկել պանթյուրքիզմով առաջնորդվող ուժերը: Հենց նրանք էլ մշակեցին հայ ժողովրդին բնաջնջելու հրեշավոր ծրագիրը, որը լայն տարածում գտավ նաեւ կովկասյան թաթարների շրջանում, որոնց 1918 թվականին թուրքերն ադրբեջանցիներ անվանեցին:
«Ես ծնվել եմ Արմավիրում: Մեր հարեւանները արտվինցի հայեր էին: Ցեղասպանություն տեսած տանտիրուհու` Ագնես Բագրատյանի պատմությունները թուրքերի բարբարոսությունների մասին մանկուց մխրճվել են հիշողությանս մեջ: Դրանք լսելը սարսափելի էր: Գերմանացի օկուպանտների բարբարոսությունները համեմատել անգամ չի կարելի այն ամենի հետ, ինչ արել են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներն ու իրականացնողները»,- պատմում է Վ. Զախարովը:
Նրա կարծիքով` Թուրքիան խուսափում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը ոչ միայն այն պատճառով, որ ստիպված է լինելու Ցեղասպանության զոհերի ժառանգներին հսկայական գումարներ փոխհատուցել, այլեւ խնդիրներ են ծագելու` կապված Հայաստանի կողմից հողային պահանջների հետ:
«Սակայն հարցը նախեւառաջ հարկավոր է դիտարկել բարոյականության հարթությունում. Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ասել հայ ժողովրդին` ներեցեք մեզ»,- ասում է քաղաքագետը` համոզված, որ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը կփոխվի ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:
ArmAr.am












