Թե ինչ հեռուստահաղորդումներ կարելի է ցուցադրել մինչև 24:00 և դրանից հետո
«Ժամը 12-ից հետո հեռուստալսարանն արդեն չափահաս և ձևավորված մարդիկ են, որոնք շատ լավ կարող են տարբերել՝ սա՞ է իրենց իրականությունը, թե՞ ոչ»,- այսօր լրագրողներն ասել է Հեռուստատսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: Ասուլիսի ժամանակ նա մեկնաբանել է հանձնաժողովի առաջարկած չափորոշիչները ֆիլմերի ու հաղորդումների հեռարձակման վերաբերյալ:
Ըստ նրա, այդ չափորոշիչները ոչ թե թույլատրվում կամ արգելում են, այլ ըստ օրվա ժամանակահատվածի, սահմանափակումներ մտցնում. թե ինչ կարելի է ցուցադրել մինչև 24:00 և դրանից հետո: Հանձնաժողովը որոշել է, որ արգելվում է սարսափ ֆիլմերի, բռնության տեսարաններով, ինչպես նաև պոռնոգրաֆիկ թեմատիկայով ֆիլմերի ցուցադրությունը, պատմական իրողությունները և ներկա իրականությունը խեղաթյուրված և ոչ համարժեք ներկայացնելը:
Ինչպես ՀՌԱՀ նախագահը ներկայացրեց, հանձնաժողովը սահմանափակումներ մտցնելիս առաջնորդվել է հետևյալ սկզբունքով` «ինչ չէինք ուզի, որ տեսնեին մեր երեխաները»:
-Քանի դեռ հեռանկարում չի երևում պատժամիջոցը, հեռուստաընկերությունները գործում են շատ ազատ,- ասում է Ամալյանը:
Նրա խոսքերով, շատ հեռուստասերիալներում «բացառապես հայկական իրողութունից դուրս աշխարհ է ցուցադրվում, ինչը երեխաները լուրջ են ընկալում և սկսում են աշխարհի հետ իրենց հարաբերությունները վարել ու ճշտել խաղի այդ կանոններով»:
Այն հարցին, թե ով պետք է որոշի`պատմական իրողությունները խեղաթյուրված են ներկայացվում, թե ոչ, նա պատասխանեց, որ դա կորոշի ՀՌԱՀ-ը, իսկ սուբյեկտիվության խնդիրը կլուծվի կոլեգիալության հիման վրա:
ՀՌԱՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ այս չափորոշիչները, որպես գործող նորմատիվ պահանջ, կկիրառվեն վատագույն դեպքում 1 ամսից։ Իսկ 3 գրավոր նախազգուշացումների հիմնան վրա հնարավոր կլինի լրատվամիջոցին զրկել արտոնագրից։
ArmAr.am












