Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն

«Ախ, ինչ խճճված ցանց ենք հյուսում, մինչ հմտանում ենք խաբելու մեջ»

Փետրվար 10, 2010թ. 15:10

Սույն հոդվածի վերնագիրն ընտրված է Վալտեր Սկոտի «Մարմիոն» դյուցազներգական պոեմից, որը ճշգրտորեն նկարագրում էSasunyan-150x150 խաբեությունների այն թակարդը, որը թուրք ղեկավարները լարել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձգտման կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով:

Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քողի տակ թուրքական իշխանությունն իրականում նպատակադրվել էր. առաջին` զիջումներ կորզել Հայաստանից` Արցախը վերադարձնել Ադրբեջանին, Ցեղասպանության փաստերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել և խոչընդոտել Թուրքիայից տարածքային պահանջատիրությանը, երկրորդ` կանխել այլ երկրների, հատկապես Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, և երրորդ` դրական կերպար ստեղծել՝ հեշտացնելով Թուրքիայի մուտքը Եվրամիություն:

Եթե Թուրքիան անկեղծ լիներ Հայաստանի հետ սահմանը բացելու իր մտադրության մեջ, ապա կարող էր դա անել նույն հեշտությամբ ու արագությամբ, ինչպես 1993 թվականին՝ սահմանը փակելիս: Դրա համար երկարատև բանակցություններ, խճճված արձանագրություններ և խորհրդարանական վավերացումներ անհրաժեշտ չէին: Դեռ ավելին, զիջումներ պահանջելու փոխարեն Թուրքիան պետք է շահագրգռեր Հայաստանին, որպեսզի վերջինս համաձայներ սահմանի բացմանը, քանի որ փակ սահմաններով Թուրքիան չէր կարող միանալ Եվրամիությանը:

Սկսած 2009 թվականի ապրիլի 22-ից, երբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն առաջին կոնկրետ քայլը ձեռնարկեցին` հրապարակելով ճանապարհային քարտեզը, թուրք ղեկավարները շարունակում էին հաստատել, որ իրենք Հայաստանի հետ սահմանը չեն բացի, քանի դեռ Արցախի հակամարտությունը չի լուծվել: Անգամ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, արձանագրությունները ստորագրելուց հետո և դրանք տասնմեկ օր անց խորհրդարանին ներկայացնելուց, թուրքական կառավարությունը դեռ պնդում էր, որ սահմանը փակ կմնա, մինչև Արցախը կվերադարձվի Ադրբեջանին:

Քանի որ գերտերություններից և ոչ մեկը չսատարեց Արցախի վերաբերյալ նախապայմաններին, Թուրքիայի ղեկավարները վերջին չորս ամիսներին արձանագրությունները չվավերացնելու համար որպես նոր արդարացում օգտագործեցին Հայաստանի Սահմանադրական դատարանի 2010 թվականի հունվարի 12-ի որոշումը: Չնայած Դատարանը սահմանեց, որ արձանագրություններով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն Անկարայի ղեկավարությունը դժգոհություն հայտնեց` քողարկելով արձանագրությունները չվավերացնելու իր մտադրությունը: Թուրքիան պահանջեց, որ Դատարանը ՚ուղղիՙ իր որոշումը, սոսկ այն պատճառով, որ այն արգելափակում էր թուրքական կողմի չհիմնավորված մեկնաբանություններն ու նախապայմանները:

Չկարողանալով համոզել Հայաստանին` բավարարել իրենց պահանջները, թուրքական իշխանությունները դիմեցին Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Շվեյցարիային (արձանագրությունների հարցով միջնորդ), որպեսզի  ճնշում գործադրեն Հայաստանի վրա, Սահմանադրական դատարանի որոշումը ՚ուղղելուՙ համար: Մեկ անգամ ևս թուրքերը կտրուկ մերժում ստացան:

Նախորդ շաբաթ արձանագրությունները չվավերացնելու համար Թուրքիան մի նոր արդարացում գտավ՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանի (Կալիֆորնիա) հայտարարությունը, ըստ որի այդ մարմինը մարտի 4-ին քննարկելու է Հայոց Ցեղասպանության բանաձևը:

Չնայած Ցեղասպանության բանաձևը կապված չէ արձանագրությունների հետ, սակայն կոնգրեսական Բերմանի հայտարարությունից մի քանի օր առաջ, Վաշինգտոնում Թուրքիայի նոր դեսպան Նամիկ Թանը ԱՄՆ Կոնգրեսին նախազգուշացրեց նման շարժման դեմ և շատ ինքնավստահորեն կանխատեսեց, որ այդպիսի բանաձև ՚այս տարի կամ երբևէ ապագայումՙ չի դրվի քվեարկության: Դեսպան Թանի նախազգուշացումը հստակորեն բացահայտեց Թուրքիայի թաքուն մտադրությունը` բոլոր առիթներով մոռացության մատնել Հայոց Ցեղասպանության ճանաչումը:

Ի՞նչ են անելու թուրքերն այժմ, երբ Ցեղասպանության բանաձևը նախատեսված է դնել քվեարկության: Նրանք ընկել են իրենց իսկ խաբեությունների թակարդը: Եթե նրանք բանաձևի ընդունումը կանխելու նպատակով շտապեն վավերացնել արձանագրությունները, ապա կհակադրվեն իրենց ադրբեջանական դաշնակցին և ներքին քաղաքական ապակայունություն կստեղծեն: Մյուս կողմից, եթե նրանք արձանագրությունները շուտով չվավերացնեն, ապա այս տարի Ցեղասպանության բանաձևը Կոնգրեսի հավանությանն արժանանալու շատ մեծ հավանականություն կունենա:

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի համբերության բաժակը լցվել է` արձանագրությունները քարշ տալու Թուրքիայի անընդհատ արդարացումներից: Ի պատասխան, Օբամայի վարչակազմը Ցեղասպանության բանաձևը կարող է որպես մտրակ կիրառել`Թուրքիային խթանելու համար արձանագրությունների վավերացումը: Բացի այդ, Թուրքիան չի կարող առաջվա նման ակնկալել Իսրայելի կամ Ամերիկայի հրեական կազմակերպությունների աջակցությունը` Ցեղասպանության  բանաձևը խոչընդոտելու հարցում, վարչապետ Էրդողանի կողմից Իսրայելի ղեկավարների հասցեին, վերջին տարվա ընթացքում անդադար հնչած վիրավորանքների պատճառով:

Հրաժարվելով վավերացնել արձանագրությունները, Թուրքիան Օբամայի վարչակազմի ձեռքից խլում է Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու իր արդարացումը: Չնայած Ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական բազմիցս խոստումներին, նախագահ Օբաման 2009 թվականի ապրիլի 24-ի իր ուղերձում ձեռնպահ մնաց Հայոց Ցեղասպանություն տերմինն օգտագործելուց: Նա անխոհեմաբար ընդունեց թուրքական այն կեղծ դիրքորոշումը, որ երրորդ երկրները չպետք է ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը, քանի որ Հայաստանն ու Թուրքիան փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները:

Ուշագրավ է, որ երբ նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնին խնդրեցին պարզաբանել Հայոց Ցեղասպանության բանաձևի հնարավոր ազդեցությունն արձանագրությունների վրա, նա հաստատակամորեն պնդեց, որ դրանք պետք է վավերացվեն առանց նախապայմանների: Հատկանշական է, որ նա առիթը չօգտագործեց բանաձևի վերաբերյալ անհամաձայնություն արտահայտելու համար:

Վարչակազմի կողմից Կոնգրեսի բանաձևը խոչընդոտելու ցանկացած փորձ խիստ անհարմար դրության մեջ կդնի նախագահ Օբամային, փոխնախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Հիլարի Քլինտոնին, քանի որ երեքն էլ, որպես սենատորներ և նախագահի թեկնածուներ վճռականորեն հանդես են եկել Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին:

Քանի որ Օբամայի վարչակազմի պաշտոնյաները շարունակ հաստատել են, որ արձանագրությունները նախապայմաններ չունեն, ուստի նրանք ոչ մի պատճառ չպետք է ունենան Ցեղասպանության բանաձևի ընդունումը խոչընդոտելու համար:

Հարկ է նշել, որ նորմալ պայմաններում Նախագահի կամ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հավելյալ քայլեր անելու անհրաժեշտություն չէր առաջանա, քանի որ այն արդեն հաստատված իրողություն է: 1975 և 1984 թթ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր է ընդունել, իսկ նախագահ Ռեյգանը այն ընդունել է 1981 թվականի նախագահական Հռչակագրում: Սակայն, հաշվի առնելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ետ գլորելու Թուրքիայի նենգ ծրագրերը, չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը վերահաստատի Ցեղասպանության իր ճանաչումը: Այն նաև համարժեք պատասխան կլինի Թուրքիայի խարդախ մարտավարությանը, որը Հայաստանի հետ սահմանը բացելու կեղծ պատրվակով, արձանագրությունները շահագործում է զիջումներ կորզելու համար:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյանի


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն