Ադրբեջանական բանակի բարքերի մասին պատմում է ադրբեջանցի զինծառայողը
Ադրբեջանցի Աքպեր Բաշիրովը առաջին խմբի հաշմանդամ է: Առողջությունը կորցրել է բանակում: Վերջինս լրագրողներին պատմել է հետևյալը.
«2007թ. հոկտեմբերին զորակոչվեցի բանակ և ծառայության նշանակվեցի Ղարադաղի շրջանի զորամաս: Զորամասի սպաները զինվորներից պահանջում էին քարտեր դնել իրենց բջջային հեռախոսների մեջ, ժամանակ առ ժամանակ` փող տալ: Ով չէր կարողանում տալ` խմբով ծեծում էին: Բայց ամենամեծ հիմարությունը նրանց «կերակրամանից օգտվել» սովորեցնելն էր: Նրանք ամենաշատը պատժում էին այն շարքայիններին, ովքեր արդեն մի քանի անգամ կատարել էին իրենց պահանջը: Ես, օրինակ, իմ անհեռատեսության զոհը դարձա. մի քանի անգամ սպաներին ու ենթասպաներին փող տվեցի, որպեսզի ինձ հանգիստ թողնեն: Հետո հրաժարվեցի լցնել նրանց գրպանները: Բնականաբար` մեր հարաբերությունները փոխվեցին: Մի քանի ամիս հետո ինձ այնպես ծեծեցին, որ հոսպիտալ ընկա:
Շարքային Սուբհան Ահմեդովը վերնազգեստը գցեց գլխիս ու սկսեց խփել: Այնտեղ էին նաև ուրիշ զինծառայողներ, որոնք մասնակցում էին ինձ ծեծելուն: Զինվոր Օրհան Կարմուկովն էլ էր օգնում նրանց: Սուբհանը ծեծի ժամանակ իմ համազգեստի գրպանից 15 մանաթ գողացավ: Սենյակ մտած ավագ ենթասպա Փարման Հուսեյնովը նույնպես հարվածեց ինձ` նույնիսկ չպարզելով, թե ինչն ինչոց է: Նրա հարվածից ես թռա վառարանի մոտ ու գլուխս խփեցի դրա եզրին: Հուսեյնովին թվաց, որ դա քիչ է, և նա մի ծանր առարկայով մի անգամ էլ խփեց ինձ: Հետո ինձ քարշ տվեցին բակի ծորակի մոտ: Խորամանկություն արեցին, որպեսզի արյունս գետնին հոսի ծորակի մոտ, իսկ հետագայում պնդում էին, որ ես ձեռքերս լվանալիս ընկել եմ: Վերջում երկու զինվոր ինձ գրկած տարան զորանոց: Հիշում եմ նաև, թե ինչպես էր կապիտան Ռամին Սամեդզադեն ոտքը ծեծվածիս կրծքին դրած ծխում` մոխիրը թափ տալով վրաս, ինչպես դասակի հրամանատար Էլնուր Մեհտիևը ոտքով հարվածեց փորիս, ինչպես զորամասի հրամանատար Ռասիմ Հասանովը հրամայեց ինձ, որ քաղաքացիական բժշկին ասեմ, թե իբր ինքս եմ ընկել: Ես վախեցա ու այդպես էլ ասացի: Երբ կենտրոնական հոսպիտալում էի, գործը վարող քննիչը, օգտվելով այն բանից, որ ես ցնցված եմ կատարվածից, մի թուղթ դեմ տվեց, որը ես ստորագրեցի` չլինելով լիովին գիտակից վիճակում:
Մի խոսքով, մեկ ամսից ինձ դուրս գրեցին հոսպիտալից, բայց ես դեռ վատառողջ էի: Ծեծի համար մեղադրեցին միայն զինվոր Կարմուկովին, որը ստացավ պայմանական 6 ամիս: Ես հիմա էլ ինձ սոսկալի վատ եմ զգում: Օրենքով ինձ հասնող փոխհատուցումը տալու համար հորիցս կաշառք պահանջեցին: Զորամաս դասավորելը փող է, ծառայելը` փող, փոխհատուցում ստանալը` փող: Ժամանակին հայրս 1200 մանաթ տվեց ենթասպա Արզու Գուլիևին, որպեսզի նա քիչ թե շատ «նորմալ» զորամաս դասավորի ինձ համար: Ահա և դասավորեց»:
ArmAr.am












