Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Կստեղծվի հայ-լեհական միջկառավարական հանձնաժողով

Փետրվար 11, 2010թ. 11:59

Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը ս.թ. փետրվարի 10-ին երկօրյա այցով ժամանեց Վարշավա:

Այցի առաջին օրը տիկին Ղազինյանը հանդիպեց Լեհաստանի Տնտեսության փոխնախարար, ԵՄ-ի հետ Լեհաստանի տնտեսական համագործակցության պատասխանատու` Մարչին Կորոլեցին:

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին հայ-լեհական տնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը եւ միջկառավարական հանձնաժողովի ձեւաչափով այն համակարգելու կարեւորությունը: Տիկին Ղազինյանը տեղեկացրեց Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ տնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերված համաձայնությունների մասին, որոնց խթանմանը մեծապես կարող է նպաստել ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը:

Հայաստանի ԱԳ փոխնախարարը կարեւորեց նշված ծրագրի շրջանակներում «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրիե շուրջ ընթացող բանակցությունները: Դրան ի պատասխան, Լեհաստանի Տնտեսության փոխնախարարը առաջարկեց հայկական կողմին Լեհաստանի փորձագիտական աջակցությունը փաստաթղթերի մշակման գործում:

Դրական արձագանքելով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հայկական կողմի առաջարկին, լեհական կողմն առաջարկեց այս տարվա ընթացքում Երեւանում հրավիրել հանձնաժողովի անդրանիկ նիստը` նկատի առնելով այն հանգամանքը, որ երկրորդ նիստը կարող է հրավիրվել 2011 թվականին Վարշավայում, երբ Լեհաստանը կստանձնի ԵՄ նախագահությունը:

Նույն օրը Կարինե Ղազինյանը Լեհաստանի Սեյմում հանդիպեց Լեհաստանի Սեյմի եւ Սենատի Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում լեհ-հայկական պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը մանրամասնորեն ներկայացրեց անցած ժամանակաշրջանում խմբի կատարած աշխատանքները` կարեւորելով Հայաստանի խորհրդարանի հայ-լեհական պատգամավորական խմբի հրավերով մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի նշանակությունը:

Կողմերն ընդգծեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի եւ Լեհաստանի պատվիրակությունների միջեւ համագործակցության սերտացման կարեւորությունը:

Փոխնախարար Ղազինյանը պատասխանեց լեհ պատգամավորների հարցերին` պարզաբանելով հայ-թուրքական հարաբերություններին, Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրներ:

Պատգամավորական խմբի անդամները գոհունակությամբ նշեցին, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի 2010թ. Հայաստան կատարելիք այցը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման, լեհ եւ հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար:

Լեհաստանի Սեյմում տեղի ունեցավ նաեւ հանդիպում ԵՄ Արեւելյան գործընկերության հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Տոմաշ Լենզի հետ: Զրույցի ընթացքում կողմերը մանրամասնորեն քննարկեցին ԱԳ ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն