Դիվանագիտական ցինիզմի թուրքական հերթական արտահայտությունը
Եվրամիության հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բագիշը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցը Թուրքիայի համար մեծ կարևորություն ունի, «բայց ոչ այնքան, որ Թուրքիան դրա դիմաց զոհի Կիպրոսը»:
Սա, փաստորեն, պատասխանն է թուրքական զորքերը Կիպրոսից դուրս բերելու` Եվրամիության պահանջի:
Ըստ նրա, թուրք զինծառայողները կղզում պաշտպանում են խաղաղությունն ու հանգիստը, իսկ Թուրքիան միշտ կողմ է եղել Կիպրոսի հունական հատվածի հետ շարունակվող բանակցություններին:
Պետնախարարի այս հայտարարությունը հիանալի կերպով ցուցադրում է Թուրքիայի երկդիմի քաղաքականության իսկական էությունը, եթե այն համեմատում ես Արցախյան հարցի կարգավորմանը վերաբերող` այս նույն երկրի մյուս պաշտոնյաների արած հայտարարությունների հետ: Այսինքն` Թուրքիան, որ հայ-թուրքական սահմանի բացման առանցքային պայման է համարում հայկական զորքերի դուրսբերումը «գրավյալ» տարածքներից, իսկ հետո նոր` բանակցությունները շարունակելը, Կիպրոսի հարցում տրամագծորեն հակառակ մոտեցում ունի: Թուրքիան, որ զավթել է ուրիշ մի երկրի զգալի մասը` հակառակ միջազգային բոլոր օրենքների, շատ բնական է համարում իր զորքերի գոյությունը օտար երկրում և դրանք դիտում իբրև խաղաղության աղավնիներ: Այս նույն թուրքը զենքի ուժով բնաջնջումից փրկված Արցախը համարում է ագրեսոր: Այլ կերպ ասած, սա դիվանագիտական ցինիզմի հերթական, թուրքական արտահայտություն է:
ArmAr.am












