Արցախի Հանրապետությունում սկսվել է ՀԷԿ-երի շինարարությունը
«Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությունն արդեն 1111 բաժնետեր ունի: Ընկերության կանոնադրական կապիտալը 5 մլրդ 100մլն-ից աճել է գրեթե 6 մլրդ դրամի: Հավաքված գումարները ուղղվել են նոր հիդրոէլեկտրակայանների շինարարությանը:
«Արցախ ՀԷԿ»-ի բաժանորդները արդեն հնարավորություն ունեն գնահատելու կատարված աշխատանքների 1-ին արդյունքները: Իսկ դրանք առավել քան տեսանելի են:
Հաթերք գյուղի մերձակա բարձունքին կառուցված Թրղե– 1-ով մեկնարկեց Արցախում փոքր ՀԷԿ–երի շինարարության ծրագիրը: «Բուն շենքի շինարարությունը սկսվել է 2009-ի ապրիլին և ավարտվել դեկտեմբերի վերջին: Այսօր արդեն տեղադրված են համապատասխան սարքավարումները, կատարված են մոնտաժային աշխատանքները»,- մանրամասնում է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ տեխնիկական տնօրեն Արմեն Գասպարյանը:
Ավարտին են մոտենում փակ բաշխիչ սարքավորումների տեղադրման աշխատանքները: Արդեն ավարտվել են ենթակայանի նախապատրաստման և շրջակայքի բարեկարգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 820 մլն դրամ: Կատարվել է շուրջ 760 մլն-ի աշխատանք: «Ավարտին կունենանք դրվածքային 3 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայան` տարեկան 16.5 մլն կիլովատ ժամ արտադրական հզորությամբ»:
Սա, իհարկե, հարցի մի կողմն է: Բացի էլեկտրաէներգիայի լրացուցիչ պաշարներից Թրղե 1-ը նաև լրացուցիչ աշխատանքներ կիրականացնի: «Արցախ ՀԷԿ»-ի կազմում արդեն ձևավորվել է նոր ստորաբաժանում` 31 աշխատատեղով: Այսօր նորակազմ ստորաբաժանումը դեռ 13 աշխատակից ունի: Նրանց մեծ մասը, այստեղ են տեղափոխվել Սարսանգ ՀԷԿ-ից: «Կփորձենք մասնագետների պակասը լրացնել շրջակա համայնքների, առաջին հերթին` Հաթերքի բնակիչների նորուժն օգտագործելով»,- ասում է «Թրղե 1» ՀԷԿ-ի պետ Վալերի Հարությունյանը:
Թրղե 1-ը, սակայն, նախատեսվող կասկադի միայն առաջնեկն է լինելու: Արդեն պատրաստ է Թրղե 2-ի ճնշումային ավազանը: Սա տեղակայված կլինի Թրղե 1-ից մոտ 5կմ հեռավորության վրա: Արդեն պատվիրվել են սարքավորումները, ավարտին են մոտենում նախագծային աշխատանքները: Այս ամսվա ընթացքում կսկսվի շենքի շինարարությունը: Նախատեսվում է, որ Թրղե 2-ը շահագործման կհանձնվի 2011 թվականի մարտ-ապրիլին: Իսկ Թրղե 1-ում աշխատանքները կավարտվեն արդեն մեկ երկու ամսից` 2010-ի ապրիլին:
Թրղե կասկադի հաջորդ կառույցը կլինի Թրղե-3-ը: Արդյունքում` Արցախի հանրապետության էներգետիկ հզորությունները կհամալրվեն` տարեկան լրացուցիչ 65,5 մլն կիլովատ/ժամով:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












