Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականները մինչև կոկորդը խրված են կաշառակերության մեջ
Դաշքեսանի շրջանի Խոշբուլաղ գյուղում տեղակայված զորամասում հունվարի 28-ին տեղի ունեցած կոտորածի հետ կապված քրեական գործի ընթացքի մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվում:
Սակայն տեղեկացված աղբյուրներից «Ենի մուսավաթին» հայտնի է դարձել, որ զորամասում հետաքննություն կատարող քննիչները 24 քրեական գործ են սկսել: Այդ զորամասում ծառայող զինվորներին եւ սպաներին սկսել են տեղափոխել այլ զորամասեր եւ նրանց փոխարինել ուրիշ զինծառայողներով: Հարցաքննված զինվորները բողոքել են անընդմեջ վերակարգի ուղարկվելու համար:
Այդ զորամասում ծառայել են հիմնականում աղքատ եւ հովանավոր չունեցող զինվորներ, եւ այդ պատճառով այստեղ մշտապես զինվորների պակաս է զգացվել: Ամեն օր վերակարգ նշանակվելուց հոգնած եւ դրա դեմ բողոքող զինվորներին «կոտրելու» համար սպաները դիմել են ամենադաժան միջոցների: Հետաքննությունը զորամասում մեծ յուրացումներ, պետական ունեցվածքի թալան, պաշտոնի չարաշահման բազմաթիվ դեպքեր է հայտնաբերել: Զինվորների համար նախատեսված պարենի մեծ մասը զորամասի ղեկավարությունը վաճառել է գյուղի սրճարաններին ու թեյարաններին, վաճառել են նաեւ զորամասի ավտոմեքենաների վառելիքը, յուրացրել զինվորների աշխատավարձը, նրանցից կաշառք վերցնելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել:
Ենթադրվում է, որ բոլոր այդ քրեական գործերը, ինչպես նաեւ զորամասում նախկինում տեղի ունեցած չբացահայտված հանցագործությունները կմիացվեն հունվարի 28-ին տեղի ունեցած սպանության հետ կապված քրեական գործին:
Աղբյուրը հայտնել է, որ ծանրացել է նաեւ Դաշքեսանի կորպուսի հրամանատարի` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի մոտ բարեկամ, գեներալ Չինգիզ Սաֆիեւի վիճակը: «Քննիչներին հայտնի է դարձել, որ զորամասի ղեկավարությունը տեղաբնակներին վաճառել է չեզոք գոտիների հողակտորները: Միեւնույն ժամանակ, բարձրաստիճան զինվորականությունը տեղաբնակներից պարբերաբար կաշառք է ստացել հողի օգտագործման դիմաց: Չեզոք գոտիները արոտավայրերի վերածելու եւ իրենց ոչխարներին ու կովերին արածեցնելու համար զինվորներին ծառայի պես օգտագործելու փաստերը սովորական երեւույթ են ինչպես այդ կորպուսում, այնպես էլ Ադրբեջանի մյուս զորամասերում»,- «Ենի մուսավաթին» հայտնել է տեղեկացված աղբյուրը:
ArmAr.am












