Կթոթափե՞նք աղքատությունը
Հայաստանում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը տարիներ շարունակ բազմաթիվ փորձությունների միջով անցնելով, այսօր էլ արդիկան է և շարունակում է մնալ պետական մարմինների ուշադրության կենտրոնում: Այս ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների դրական արդյունքները պարբերաբար լուսաբանվեցին զանգվածային լրատվամիջոցների կողմից: Սակայն անհերքելի փաստ է, որ աղքատության մակարդակը Հայաստանում նվազման չնչին տոկոսներ է գրանցել:
2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ավելի բարդացրեց իրավիճակը: Աճեց գործազրկության մակարդակը, կրճատվեցին մասնավոր տրանսֆերտներն ու ներդրումները: Այնուամենայնիվ, գործադիրը արձանագրեց, որ անցնող տարում, չնայած ճգնաժամին, սոցիալական ոլորտում դրական տեղաշարժեր եղել են` 16 տոկոսով ավելացել են կենսաթոշակները, 12 տոկոսով` նպաստները: Իհարկե,գործադիրը առաջնային է համարել օգնություն ցուցաբերել մեր հասարակության սոցիալապես ամենախոցելի խավին: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ առաջիկա տարիներին աղքատ թոշակառու այլևս չի լինելու:
Նշենք, որ խնդիր էր դրված մինչև 2010թ կենսաթոշակի չափը հասցնել նվազագույն սպառողական զամբյուղի չափին` այսօրվա պայմաններով` 30հզ դրամի: Ակնհայտ է, որ թոշակառուի համար, միևնույնն է, ֆինանսական խնդիրները անլուծելի են մնում: Թոշակի անցնող մարդիկ հայտնվում են աղքատության ճիրաններում: Պետությունն ինքը անելանելի վիճակում է հայտնվել` հարկ վճարողները քիչ են և վճարում են ցածր աշխատավարձից, հետևապես` քիչ գումար է հավաքվում և այդպես էլ վերաբաշխվում: Մասնագետները փաստում են, որ առաջիկա տարիներին վիճակն ավելի է սրվելու. գործազրկության մակարդակը բարձրանում է, իսկ թոշակի ավելի շատ թվով մարդիկ են անցնելու: Այլ կերպ ասած, երիտասարդ, աշխատող սերունդը ի զորու չի լինելու կերակրել ծերերին:
Աշխատող և ծեր հարաբերակցությունը, պատասխանատուների հավաստմամաբ, հնարավոր չէ հաշվել: Սերունդների համերաշխության վրա հիմնված կենսաթոշակային մոդելը ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորցրել է իր ուժը: 2010թ. Կառավարության համար գերակա խնդիրներից մեկը կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն է, որը ենթադրում է` 1.կենսաթոշակների չափերի բարձրացում,
2.Կենսաթոշակային համակարգում պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրում:
Սակայն գործադիրն արդեն տեղեկացրել է, որ 2010թ ճգնաժամի հետևանքով կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում: Իսկ բարեփոխումների նոր ծրագրի ներդրումը տեղափոխվել է 2011թ: Այն, որ ներկայիս կենսաթոշակային համակարգը մեր կառավարության հիմնական ձախողումներից մեկն է, ակնհայտ է, սակայն չի՞ ձախողվի արդյոք ներդրվող նոր մոդելը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տարեվերջյան ասուլիսում անդրադառնալով բարեփոխումների ծրագրին, նշել է, որ ոչ միայն պետությունը պետք է սոցիալական պարտավորություն կրի քաղաքացիների հանդեպ, այլ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պարտավորություն ստանձնի իր բարեկեցիկ ծերությունը ապահովելու համար: Նոր ծրագրի համաձայն` աշխատողը կամավորության սկզբունքով կուտակային ֆոնդին է փոխանցում իր աշխատավարձի որոշակի տոկոսը, նույնքան էլ ավելացնում է պետությունը: Հաշվարկներով պարզ է դառնում, որ 100հզ դրամ աշխատավարձ ստացող անձը կենսաթոշակային տարիքում 10մլն դրամ կունենա տնօրինելու: Ով շատ աշխատեց, շատ վճարեց շատ կստանա, համապատասխանաբար, քիչ վճարման դեպքում, գումարի չափը փոքր կլինի:
Ակնհայտ է, որ գործազրկության բարձր ցուցանիշներ ունեցող երկրում առօրյա հացի խնդիրը լուծող աշխատողին դժվար կլինի համոզել` իր չնչին աշխատավարձից մի բաժին էլ հատկացնել` անհոգ ծերություն վայելելու համար: Բացի այդ, ինչպիսի զարգացումներ կլինեն, ասենք, 20 տարի անց, և կուտակած գումարն ինչ արժեք կունենա, ոչ ոք չգիտե:
Հ.Գ. Անկանխատեսելի զարգացումներն այսօր արդեն մարդկանց ֆինանսական լուրջ խնդիրների առաջ են կանգնեցրել: Սպասվող նոր թանկացումները խուճապի են մատնել հասարակությանը: Գազի թանկացման հետ կբարձրանան ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, այլ նաև մատուցվող ծառայությունների սակագները: Իսկ ինչպես վերը նշվեց, թոշակների բարձրացում այս տարի չի նախատեսվում, աշխատավարձերի` ևս: Ու եթե անցնող տարում կարծիք կար, որ սոցիլապես անապահով խավը չզգաց համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները, ապա նոր թանկացումները, անկասկած, զգալ կտան խորացող ճգնաժամը:
Լիլիթ Պողոսյան












