Տեր Հակոբ. «Եթե մենք Տիրոջ հրավերքին չենք անսացել, ապա խարույկ վառելն անիմաստ է»
«Տյառնընդառաջի խորհուրդն այն է, որ պիտի ընդառաջ գնալ ճշմարտությանը, ողորմություն տալուն և բարի գործերին` դրանով ընդառաջ գնալով Տիրոջը: Այսինքն, երկու ճանապարհ կա մեր առջև և այդ ճանապարհներից մեկը Քրիստոսն է, ով մեզ հրավերք է անում իրեն ընդաջառ գնալու: Այդ օրը նաև երեխային քառասունքից դուրս բերելու սովորություն կա: Տյառնընդառաջին նորածնին տանում են եկեղեցի` ընծայելու տաճարին, իսկ մայրը դուրս է գալիս քառասունքից, որի ընթացքում եկեղեցի մտնելու իրավունք չուներ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Ժողովրդական ծիսակատարությունները ժողովրդի պատկերացումների արտահայտություններն են: Այդ ամենից զերծ չի մնում նաև Տյառնընդառաջի խարույկավառությունը:
«Այսօր ոչ մեկը խարույկի վրայով չի թռչում այնպես, ինչպես ժամանակին հեթանոսներն էին թռչում` պաշտելով ու աստվածացնելով խարույկը: Քրիստոնեությունը նոր խոհուրդ տվեց տոնին: Սիմեոն Ծերունին ասում էր. «Լույս ի յայտնություն հեթանոսաց» , այսինքն` հեթանոսների համար լույս եղավ: Նույն կերպ մոմը վառում ենք այն համոզումով,որ ինչպես այդ լույսն է լուսավորում խավարը, այնպես էլ Քրիստոսի վարդապետությունն է լուսավորում մեր հոգիները»,- ասաց Տեր Հակոբը:
Խարույկի առկայությունն այսօր առավելապես ժողովրդական խաղի, ավանդության է նմանվում և ըստ ժողովրդական հավատալիքի` օրինակ` այգիներն են օրհնվում, և ձնհալը գարուն է բերում: Տյառնընդառաջի օրը եկեղեցական արարողությունից հետո եկեղեցու սպասավորը խարույկ է վառում և օրհնում նորապսակներին: Սակայն տոնը միայն կրակով չի սահմանափակվում, և շատ կարևոր է հետևել տոնի խորհրդին:
«Որքան կուզեք բակերում խարույկ վառեք, եթե Տյառնընդառաջի տոնը մեր կենցաղում չկա, եթե մենք այդ հրավերքին չենք անսացել, մեկ քայլ չենք կատարել դեպի Քրիստոս` խարույկը հավասարվում է ոչնչի և նմանվում խաղի»,- հավելեց Տեր Հակոբը:
Այդ օրը, ժողովրդական սովորության համաձայն, փեսան առաջին անգամ իրավունք ուներ աներոջ տուն գնալու: Սակայն այսօր այդ ավանդույթը չի պահպանվել: Իսկ ինչ վերաբերում է տոնը ճիշտ նշելուն, ապա 13-ի երեկոյան բոլոր ցանկացողները գնում են եկեղեցի, մասնակցում ժամերգության արարողությանը, հետո, անկախ նրանից` եկեղեցու բակում խարույկ է վառվում թե ոչ` հոգևորականի կողմից դրված մեկ կամ երկու մոմերից մեկ այլ մոմ են վառում, հանգցնում և փոխանցում իրենց բնակարան: Հաջորդ օրը տեղի է ունենում պատարագի արարողություն, որին մասնակցելու համար յուրաքանչյուր քրիստոնյա նախորդ երեկոյից կամ գոնե նույն օրվա առավոտյան ոչինչ չի ճաշակում և մասնակցելով տոնակատարությանը` հաղորդություն է ստանում: Իսկ ինչ վերաբերում է նշանվածների կողմից Տյառնընդառաջը տոնելուն, Տեր Հակոբը մեկնաբանեց.
«Տոնի ժողովրդական մասը մենք չենք կանոնակարգում, եթե Եկեղեցին հայտարարել է նորապսակների օրհնության օր, որը նաև պտղաբերության խորհուրդ ունի, ապա նշանվածները տոնը չեն կարող նշել պտղաբերության խորհրդով, քանի որ պտղաբերությունը նախատեսված է ամուսնացածների համար: Իսկ նշելը չի արդարացվում: Եկեղեցին ցույց է տալիս, թե ինչ պիտի անեն և նրանք ցանկության դեպքում անում են այնպես, ինչպես ճիշտ է»:
Արմենուհի Կարեյան
ArmAr.am












