Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախում oդապարիկները խիստ անհրաժեշտ են

Փետրվար 12, 2010թ. 16:10

Artsakh air-balloonԼեռնային Արցախն ունի բարդ լեռնային ռելիեֆ, ինչի պատճառով շատ բնակավայրեր զրկված են հաղորդակցության միջոցներից և մեկուսացած են խոշոր կենտրոններից:

Արցախի ռելիեֆի մասին թեկուզ մի փոքր պատկերացում կազմելու համար ներկայացնեք հետևյալ տվյալները:

Այստեղ մակերևույթի բացարձակ բարձրությունների միջև տարբերությունները հասնում են մոտ 3700 մետրի. Կուր-Արաքսյան դաշտավայրում բարձրությունը 100մ է, իսկ հյուսիսում Լեռնային Արցախն արևմուտքից արևելք եզերող Մռովասարի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը` Գոմշասարն, ունի 3724մ բարձրություն:

Նման պայմաններում լուրջ խնդիր է առաջանում հեռավոր լեռնային շրջանները Արցախի մայրաքաղաքի և Հայաստանի խոշոր բնակավայրերին կապելու համար:

Վերջին շրջանում այդ խնդիրը լուծելու համար Արցախում շատ է քննարկվել օդային տրանսպորտի, հատկապես օդապարիկային տրանսպորտի ներդրման հարցը:

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, խոսելով օդապարիկային տրանսպորտի հարմարության և առավելությունների մասին, նշում է հատկապես այն հանգմանքը, որ նման տրանսպորտի գործածությունը բացարձակապես կախված չէ եղանակային պայմաններից։ Այն դեպքում, երբ ուժեղ ցրտի կամ հորդառատ անձրևների ժամանակ ավտոճանապարհը դառնում է անանցանելի, և բնակավայրերի միջև հաղորդակցությունն ընդհատվում է, միակ ելքը կարող է լինել օդապարիկային տրանսպորտը։

Օդային տրանսպորտի մյուս միջոցները (ինքնաթիռ, ուղղաթիռ) շատ ավելի թանկ արժեն: Հաշվարկները ցույց են տալիս, որ օդապարիկների համար անհրաժեշտ է 3-4 անգամ պակաս վառելիք, քան ինքնաթիռի, և 14-15 անգամ պակաս, քան ուղղաթիռի։

Իհարկե, օդապարիկների առավելությունը ոչ միայն վառելիքի ծախսն է, այլև նրանց արտադրությունը և վերանորոգումը` և’ ժամանակի առումով, և’ ծախսի:

Դավիթ Բաբայանի ներկայացրած տվյալների համաձայն, Երևանից Ստեփանակերտ օդապարիկով կարելի է հասնել 2-2,5 ժամվա ընթացքում` ծախսելով 30-40 լիտր բենզին. «Իհարկե, չի կարելի անտեսել նաև Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կարևորությունը, որը, սակայն, ունի լուրջ թերություն. մոտ 1 կմ ճանապարհի վրա կա 15 շրջադարձ: Բացի այդ, ձմռանը Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը խանգարվում է, հատկապես, Սարավան, Սիսիան, Գորիս եւ այլ վայրերում համատարած մերկասառույցի պատճառով»։

Այն հաշվարկները, որ ներկայացնում է Դավիթ Բաբայանը, ցույց են տալիս, որ եթե Արցախի Հանրապետության շրջաններից յուրաքանչյուրն ունենա 150-200 տոննա բեռնատարողությամբ 2-3 օդապարիկ, ապա այդ գյուղերի եւ մայրաքաղաքի միջեւ այլևս հաղորդակցության խնդիր չի լինի. «Օդապարիները կարող են պիտանի լինել ծայրամասային շատ գյուղերում, որտեղ բուժհիմնարկները բացակայում են: Օդապարիկների միջոցով այստեղ կարելի է հասցնել և’ դեղորայք, և մասնագետ բժիշկներ»։

Իսկ արտակարգ իրավիճակի պայմաններում վերջիններիս դերն անգհանատելի է:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն