Իրանում բախումներ են տեղի ունեցել
Փետրվարի 11-ին` Իսլամական Հեղափոխության 31-ամյա տարելիցի օրը, Իրանում բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ցուցարարների եւ անվտանգության ուժերի ու կիսառազմական կառավարական կազմավորումների միջեւ: Ընդդիմության ցույցեր եւ երթեր են տեղի ունեցել Թեհրանի բազմաթիվ շրջաններում. ընդդիմադիր ցուցարարները հակակառավարական լոզունգներ էին վանկարկում եւ պատռում Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեի լուսանկարները: Ականատեսների հաղորդմամբ` անվտանգության ուժերը իրանական մայրաքաղաքի հրապարակներում հավաքված ցուցարարներին ցրելու համար օգտագործել են արցունքաբեր գազ:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին եւ Մեհդի Քարուբին կոչ էին արել իրենց աջակիցներին մասնակցել հեղափոխության տարելիցին նվիրված «խաղաղ երթերին»: Ինչպես հայտնել է Մեհդի Քարուբիի որդին, իր հոր վրա հարձակում են իրականացրել իշխանության գործակալները` պահանջելով հրաժարվել բողոքի ցույցին մասնակցելուց: Նա նաեւ տեղեկացրել է իր եղբոր ձերբակալության մասին:
Իրանում հակակառավարական ցույցերին զուգահեռ Թեհրանի Ազադի հրապարակում հավաքվել էին կառավարության բազմաթիվ աջակիցներ նշելու Իսլամական Հեղափոխության 31-ամյակը, ինչն էլ կարծես թե ետին պլանում էր թողել ընդդիմության բողոքի ցույցերը:
BBC, Deutsche-Welle, Voice of America միջազգային գործակալությունները հայտարարել են, թե հեղափոխության տարելիցին նվիրված օրը Իրանը խաթարել է իրենց հեռարձակումը` դա անվանելով Իրանի կառավարության իր իսկ ժողովրդի առջեւ ունեցած վախի եւս մեկ ապացույց:
Նշվում է, որ Իրանում կասեցվել էր ինտերնետի մուտքը, ինչպես նաեւ հեռախոսային և SMS ծառայությունը. մի քայլ, որով իշխանությունները փորձում էին սահմանափակել տեղեկատվության հոսքը, սակայն հեղափոխության օրը ընդդիմության ցույց կազմակերպելու վերաբերյալ տեղեկատվությունը, թեկուզ եւ դժվարությամբ, տարածվում էր Twitter եւ Facebook սոցիալական կայքերի միջոցով:
Իրանի կապի նախարարությունը հայտարարել է Google Inc. ընկերության կողմից տրամադրվող Gmail էկետրոնային փոստի ծառայությունների «ժամանակավոր դադարեցման» մասին: Դրա պետք է փոխարինի էլեկտրոնային փոստի ազգային ծառայությունը, որը ստեղծվելու է մոտ ժամանակներս: Այս քայլը դարձել է Իսլամական Հեղափոխության 31-ամյա տարելիցի միջոցառումների հետ կապված անվտանգության ուղղությամբ ձեռնարկված նորմերից մեկը:
ArmAr.am












