Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանի էներգետիկ համակարգը` կաթվածահար

Փետրվար 13, 2010թ. 10:00

g_imageՕրերս Ադրբեջանի տարածքի մի մասի եւ ամբողջ Բաքվի հոսանքազրկումը ցույց տվեց Ադրբեջանի էներգետիկ անվտանգության ողբալի վիճակը: Այնինչ 1998 թ-ից մինչ այսօր էներգետիկ հատվածի վերանորոգման համար Ադրբեջանը 3 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել:

«Բիզիմ յոլը» գրել է, որ Նավթագործների իրավունքների պաշտպանության կազմակերպության փորձագետները Ադրբեջանի էներգետիկ հատվածում կատարած հետազոտությունների արդյունքում պարզել են, որ 2009թ. Ադրբեջանում արտադրված էլեկտրաէներգիայի քանակի վերաբերյալ «Ազերէներջի» ընկերության եւ Պետվիճկոմի տվյալները տարբերվում են 800 մլն կՎտ/ժ-ով, այսինքն` 48 մլն մանաթով կամ 60 մլն դոլարով:

«Ադրբեջանում ստեղծված էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները դատարկաբանություն են»,- թերթի հետ զրույցում հայտարարել է Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը: «Պաշտոնական բացատրություններն այն մասին, որ հոսանքազրկման պատճառը Մինգեչաուրի ՀԷԿ-ից եկող գծերում տեղի ունեցած վթարն է, միանգամայն մտացածին է: Ի՞նչ է, ամբողջ Ադրբեջանն ու Բաքուն միայն այդ ՀԷԿ-ի՞ց են սնվում»:

«Բաքվում դադարեցվել էր անգամ առաջնահերթ ռազմավարական օբյեկտների էներգամատակարարումը: Բաքվի մետրոն նույնիսկ 2 րոպեանոց էներգետիկ պաշար չունի, որ գնացքները հասնեն կայարաններ: Մարդիկ 1 ժամից ավելի մնացել էին չօդափոխվող թունելներում: Էներգետիկ ոլորտի ուղղությամբ մեծ փողեր են ծախսվում, բայց գործնականում դա չի երեւում: Եթե «Ազերէներջի»-ի ղեկավարությունը չի կարողանում գլուխ հանել, ապա պետք է արտերկրից մասնագետ հրավիրել, ինչպես դա արվում է, ասենք, ֆուտբոլում: Մինչեւ ե՞րբ պետք է բնակչությունն ապրի արտակարգ իրավիճակում: Փաստորեն, պետական կառույցները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները: Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա Ադրբեջանը էլեկտրաէներգիայի կարիք չպետք է ունենար: Եթե Մինգեչաուրի ՀԷԿ-ից բացի մնացած էլեկտրակայանները գործնական նշանակություն չունեն, ապա ինչո՞ւ են ստեղծվել»,- հարցնում է փորձագետը:

Փետրվարի 10-ին ժամը 12-ի սահմաններում Բաքուն ամբողջությամբ հոսանքազրկվել էր: Ահաբեկչության մասին լուրերը խուճապ են առաջացրել բնակչության մեջ: Հազարավոր մարդիկ են մնացել մետրոյի թունելներում: Կատարվածը տարբեր կերպ է մեկնաբանվում: Ըստ տարածված լուրերի, միտումնավոր առաջացնելով էներգետիկ խնդիրներ` ներիշխանական խմբավորումներն աշխատել են հարվածի տակ դնել մեկը մյուսին: Նման խնդիր առաջացել էր նաեւ 2002 թ-ին: Ինչպես  հայտնում է «Բիզիմ յոլը»` այն ժամանակ նախագահ Հեյդար Ալիեւը «Ազերէներջի»-ի ղեկավար Մուսլիմ Իմանովին պատժել էր` ազատելով աշխատանքից:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն