Նյու-Յորքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները
Փետրվարի 11-ին Նյու-Յորքում տեղի է ունեցել քննարկում «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում. տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը, որը կազմակերպվել էր «Ֆլեթչեր» ակումբի և «The New Century Foundation»-ի կողմից, մասնակցել են միջազգային իրավունքի և հարաբերությունների մասնագետներ, Նյու-Յորքի գործարար և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Քննարկման ժամանակ հնչել են հայկական և թուրքական կողմերի կարծիքները հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:
Հայկական կողմից զեկույցներով հանդես են եկել ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանը:
Թուրքական կողմի դիրքորոշումը ներկայացրել է Թուրքիայի ԱԳՆ քարտուղար Էրտուգրուլ Աբականը:
Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի ներկայացուցիչները խոսել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ Հայաստանի մոտեցումների մասին: Այս առթիվ նշվել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը և դրանց դրույթների կատարումն ակնկալում և կարևորում է ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունը:
Բանախոսներն անդրադարձել են նաև ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը` վերահաստատելով Հայաստանի կառուցողական կեցվածքը և կարևորելով թուրքական կողմի ստանձնած միջազգային հանձնառությունների կատարման անհրաժեշտությունն, ինչը տարածաշրջանում կհանգեցնի համագործակցության բարենպաստ միջավայրի ստեղծման:
Հանդիպմանը բանախոսները ներկայացրել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային ներկա փուլի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներն ու պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:
ArmAr.am












