Վրացիները սկսել են զգուշանալ թուրքերից
ArmAr.am-ը պարբերաբար անդրադառնում է Ջավախքում վրացական իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը, որն ակնհայտորեն հայկական Ջավախքը հայաթափելու նպատակներ է հետապնդում:
Հանուն այդ նպատակի իրականացման, վրացիները նույնիսկ քայլեր արեցին այս տարածաշրջանում առավել ակտիվացնել թուրքական տարրի ազդեցությունը: Նույն նպատակին ծառայեցվեց նաև հարևան Թուրքիային սահմանամերձ շրջանների հետ հարաբերությունների առավել ջերմացումը: Վերջերս Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Չկադուան ընդունել էր թուրքական հարևան Արդահան շրջանի նահանգապետ Մուսթաֆա Թաքմենին, որի հետ քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության բազմաբնույթ հարցեր:
Սակայն, ինչպես Ջավախքից տեղեկացնում է մեր աղբյուրը, այսօր վրաց-թուրքական նման հանդիպումները «կենացների մակարդակից այն կողմ չեն անցնում»: Վերջին շրջանում վրաց իշխանությունները, կարծես թե, սկսել են սթափվել ու գիտակցել, որ թուրքական տարրի ակտիվացումը Վրաստանի համար առավել քան վտանգավոր հետևանքներով է հղի:
Ահա թե ինչու, մեր աղբյուրի փոխանցմամբ, վրացիներն այժմ ավելի շատ սկսել են զգուշանալ թուրքական բարեկամությունից, քան Ջավախքի հայկական լինելուց: « Ջավախքը հայաթափելու մոլուցքով տարված վրացիները շատ են տուրք տվել թուրքական բարեկամությանը: Բայց կարծես սթափվե՞լ են ու սկսել են հասկանալ դրա վտանգավոր հետևանքները, ու այսօր արդեն առավել զգուշավոր են դարձել թուրքերի` նաև ադրբեջանցիների նկատմամբ»:
ArmAr.am












