Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Հայ-թուրքական կարգավորման գործընթացը` Քլինթոն-Էրդողան հանդիպման օրակարգում

Փետրվար 15, 2010թ. 11:06

ClintonErdoganAnkaraՆախօրեին Կատարում տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Ըստ թուրքական «Sabah»-ի`կողմերի քննարկման օրակարգում եղել են Իրանի ուրանի հարստացման ծրագրին, հայ-թուրքական կարգավորման գործընթացին, կիպրական խնդրին, Մերձավոր Արևելքին, ահաբեկչության դեմ պայքարին, երկկողմ տնտեսական կապերին և Իրաքին առնչվող բազմաթիվ հարցեր:

«Four Seasons» հյուրանոցում կայացած հանդիպումը, նախապես ծրագրված 20 րոպեի փոխարեն, տևել է 1 ժամ: Կողմերն իրենց հանդիպումն արդյունավետ են համարել:

Էրդողանը Քլինթոնին հայտնել է, որ արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը բարդություն է ստեղծում կարգավորման գործընթացի համար:

Էրդողանն ընդգծել է, թե Անկարան իրենից պահանջված քայլերն արել է` հավելելով. «»Հայաստանի հարցը մենք դիտում ենք որպես Կովկասում համընդգրկուն կարգավորման գործընթացի մի մաս: Կարևոր դերակատարություն ստանձնած Մինսկի խումբն էլ լուծման հասնելու համար պետք է իր ջանքերն ավելացնի»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը մեկնել էր Կատար` այդ երկրի վարչապետ շեյխ Համադ բեն Յասսեմ ալ Թանիի հրավերով: Փետրվարի 13-ին Կատար մեկնած Էրդողանի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նախարարներ, պատգամավորներ և գործարարներ:

Նկատենք, որ Քլինթոն-Էրդողան այցը լուսաբանող թուրքական ԶԼՄ-ներն առայժ լռում են այն մասին, թե ինչ է ասել ԱՄՆ պետքարտուղարը հայ-թուրքական կարգավորման գործընթացի առնչությամբ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն