«Նախնիների հիշատակը բեկոր-բեկոր հավաքելը մեր պարտքն է»
«Վարձք նշանակում է առանց շահույթի ակնկալության արված բարեգործություւն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բացատրեց իրենց կազմակերպության կիսամյա հանդեսի անվանումը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը:
«Այս ամսագիրը մեր նախնիների հիշատակին հատուցվելիք պարտքի ձևակերպումն է: Մեր գերեվարված հայրենքի մեծագույն մասում (նկատի ունեմ Արևմտյան Հայաստանը, Հյուսիսային Արցախը, Վրաստանից Գուգարքի գավառը), այսինքն` հայկական պետականության շրջանից դուրս մնացած հատվածում, տարբեր մշակութային հուշարձանների տեսքով անպակաս է հազարամյակներ շարունակ այդտեղ ապրած հայ ժողովրդի հետքը: Բայց մենք մեր երկրի մեծ մասը կորցրել ենք` չհասցնելով ճանաչել այն: Մինչև 1915 թվականը շատ քիչ թվով հուշարձաններ էին հասցրել լուանկարով անմահացնել: Այսօր այդ հուշարձանների մեծ մասը երկրի երեսից անվերադարձ ջնջվել է կամ էլ դրանցից միայն փշրանքներն են մնացել:
Եվ մեր նախնիների հիշատակը բեկոր-բեկոր հավաքելը ևս պարտք է, որ պարտավոր ենք հատուցել մեր նախնիների հիշատակին: Հանդեսի նպատակը հենց դա է լինելու»:
Նրա խոսքերով, հանդեսում կտպագրվեն տարիների ուսումնասիրությունների արդյունքում կուտակված հոդվածներ:
Հանդեսի առաջին համարը, որ ներկայացրեց Սամվել Կարապետյանը, նվիրված է Հուշարձանների պահպանման գործակալության հիմնադիր նախագահ Արմեն Հախնազարյանի հիշատակին:
Ինչպես տեղեկացրեց պարոն Կարապետյանը, մյուս համարը լույս կտեսնի նոյեմբերին: Նախատեսվում է նաև հրատարակել «Վարձք»-ի անգլերեն տարբերակը:
ArmAr.am












