Ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութի մեծ քանակություն
Հայաստանի ոստիկանության եւ մաքսային ծառայության աշխատակիցների համագործակցության արդյունքում, թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայից, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ` բերման են ենթարկվել նախկինում դատապարտված, հանցաշխարհում հեղինակություն վայելող, 1961 թ. ծնված, «Օքյուզ» մականվամբ Սամվել Ա.-ն եւ 1978 թ. ծնված Ռոման Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռոման Խ.-ին պատկանող «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերվել է 0,487 կգ «ափիոն» թմրամիջոցին նմանվող զանգված:
Ըստ Ռոման Խ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իր ուղեւոր Սամվել Ա.-ին: Վերջինս էլ հայտնել է, որ հայտնաբերվածն իր պատվերով Իրանից Հայաստան է ուղարկել ԻԻՀ քաղաքացի, 1973 թ. ծնված Մահդի Զ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 12-ին Մեղրիի սահմանակետով հայտնաբերվածը ՀՀ է բերել ԻԻՀ քաղաքացի, 1962 թ. ծնված Ֆաթթա Մ.-ն, որը բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
ArmAr.am












