Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԵԽ անդամ. «Թուրքիայի վստահելիությունը ռիսկի տակ է»

Փետրվար 15, 2010թ. 17:19

20091006032359EXXVԵվրախորհրդարանի պատգամավոր, Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ, «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը փետրվարի 14-ին «Նոր Եվրոպա» («New Europe») համաեվրոպական տեղեկատվական կայքում զետեղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված հոդված` «Թուրքիայի վստահելիությունը ռիսկի տակ է» վերնագրով:

Հոդվածում եվրոպացի խորհրդարանականը հորդորում է անել հնարավորը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ ավարտելու համար, ըստ որում` կոչ անելով ստորագրված արձանագրությունները վավերացնել առանց նախապայմանների: Ֆրանկ Էնգելը նշում է, որ Հայաստանը քաղաքական կամք ունի գործընթացն ավարտին հասցնելու համար, ինչը դրսևորվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարություններով ու քայլերով:

Հոդվածագիր խորհրդարանականը կոչ է անում եվրոպական կառույցներին ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ գործընթացում և թույլ չըտալ, որպեսզի այն խափանվի:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Ֆրանկ Էնգելի հոդվածը.

«Փետրվարի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշանավոր ուղերձ հղեց Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին` կոչ անելով նրան ավարտին հասցնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Այս հստակ և հզոր ազդակն առ այն, որ Հայաստանը գործընթացը շարունակելու կամք ունի, պատմական այս զարգացման մեջ վերջինն էր: Իսկապես, 2009-ի հոկտեմբերի 10-ը պատմական օր էր Թուրքիայի և Հայաստանի համար, որը նախանշեց երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբը: Սահմանը փակելուց 17 տարի անց Հայաստանը քայլ արեց դեպի հարաբերությունների վերականգնում, ինչից կշահի Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանը:

Արձանագրությունների ստորագրումն ու դրանց հետագա վավերացման շուրջ բանակցությունները ներկայացում են այն կարևոր պատմական շրջադարձային կետը, որը խորապես ազդելու է ապագայում ամբողջ տարածաշրջանի դիվանագիտական և ռազմավարական հավասարակշռության վրա: Կասկած չկա, որ ներկայիս գործընթացի հաջողությունը դրական ներգործություն կունենա ողջ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման վրա:

Չնայած առաջին դրական նախանշաններին` հարաբերությունների կարգավորման գործընթացը խոչընդոտվում է քաղաքական շահագրգռվածության պակասի և արձանագրությունների հիմնական սկզբունքները տապալելու պարզ ցանկությամբ:

Ժամանակն է, որ տարածաշրջանի խաղացողներն ու միջազգային հանրությունն ընթացող բանակցություններին ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերեն: Թուրքիան և Հայաստանը պետք է շարունակեն ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը` առանց նախապայմաններ առաջ քաշելու, այլապես այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորության պատուհանը կարող է երկար տարիներով փակվել:

Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանություններն ու աշխարհասփյուռ հայությունը պետք է ընդդիմանան Հայոց ցեղասպանության խնդիրը արձանագրությունների վավերացման հետ կապելու թուրքական կառավարության կողմից արվող փորձերին:

ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշմանը ցուցաբերված աջակցությունն այս որոշումը որակվում է որպես դրական քայլ վավերացման գործընթացում, որը և պետք է ազդակ լինի միջազգային բեմահարթակի մյուս որոշում ընդունողների համար, որպեսզի նրանք նույնպես ամեն կերպ աջակցեն և առաջ մղեն վավերացման գործընթացը: Այդ կապակցությամբ մենք ակնկալում ենք, որ Եվրամիութունը` որպես լավ զինված միջազգային խաղացող և արդյունավետ բազմակողմանիության պաշտպան, ակտիվ դեր ունենա այս գործընթացում:

Կուսակցությունների հետ իր ուժեղ կապի և բազմակողմանի համակարգի արդյունավետ սատարման շնորհիվ Եվրամիությունը, կարծես, ներկայիս գործընթացի ամենաազնիվ և հեղինակավոր երաշխավորն է:

Եվրամիությունն այս գործընթացում առանցքային դեր խաղալու հնարավորություն ունի` ևս մեկ անգամ ցուցադրելով կոնֆլիկտի լուծմանը նպաստելու, այդ հարցում միջազգային ասպարեզում ավելի պրոակտիվ դեր ստանձնելու և երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնմանը նպաստելու իր հնարավորությունը:

Ես հույս ունեմ, որ ԵՄ-ի բոլոր կառույցները կխառնվեն այս գործընթացին և կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները` ներառյալ բարձրաստիճան այցերը տարածաշրջան, երկու կողմերին մղելով վավերացնել արձանագրություններն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում` չգերազանցելով երկամսյա ժամկետը: Ես իրապես հավատում եմ, որ ավելի ակտիվ ներգրավվելով այս գործընթացում, ԵՄ-ն կարող է հաջողացնել ևս մեկ կոնֆլիկտի լուծման գործընթացի արագացում և տարածաշրջանում կայունության հաստատում: Այս ամենից կշահեն բոլոր այն կողմերն, ովքեր որևէ կերպ համագործակցում են այս տարածաշրջանի հետ:

Եկեք չմոռանանք, որ սա առաջին փորձն է դիվանագիտական լուծում տալ Հարավային Կովկասի ամենաերկարաժամկետ վեճին: Մենք այնքան մոտ ենք դրան: Հիմա ոչինչ չպետք է խանգարի այս գործընթացին: Մենք պետք է հուսանք, որ այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերը կշարունակեն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման այս պատմական նախաձեռնությունը: Պոպուլիզմը, վստահաբար, պատմություն կերտելու համար լավագույն գործիքը չէ»:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն