Հանրայինը` «Եվրատեսիլ» մրցույթի վերաբերյալ
«Եվրատեսիլ – 2010» հայաստանյան նախընտրական փուլի անցկացման ու արդյունքների վերաբերյալ մրցույթի իրավատեր «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել: Ընկերությունը հիշեցնում է, որ Առաջին ալիքը կարող էր ուղղակի ընտրությամբ որևէ մեկին ուղարկել Օսլո հիմնական մրցույթին, սակայն որոշում էր կայացրել կազմակերպել մրցույթ՝ իր իրավասության բոլոր հնարավոր լծակները հանձնելով ժյուրիին և հեռուստադիտողներին։
Այս առիթով` Առաջին ալիքը դիմել է ՀՀ Մշակույթի նախարարությանը, որպեսզի այդ գերատեսչությունը ձևավորի ժյուրիի կազմը, որի քվեարկության արդյունքում մասնակիցները զբաղեցրել են հետևյալ տեղերը.
1-ին տեղ՝ Էմմի և Միհրան «Hey»,
2-րդ տեղ՝ Եվա Րիվաս «Apricot Stone»,
3-րդ տեղ՝ Անի Արզումանյան «The Mermaid Song»,
4-րդ տեղ՝ Ռազմիկ Ամյան «My Love»,
5-րդ տեղ՝ Նիկ Էգիբյան «Countdown»,
6-րդ տեղ՝ Մելինե Բեգլարյան «We Must Believe»,
7-րդ տեղ՝ Մարիա Կիզիրյան «Little Red Riding Hood»,
8-րդ տեղ՝ Another Story «Այս ձմեռ»,
9-րդ տեղ՝ Դավիթ Աշոտյան «Infected Dreams»:
SMS քվեարկությունն իրականացրել է «Ինտերմոբ» ընկերությունը՝ «Vivacell», «Beeline» և «Orange» բջջային օպերատորների մասնակցությամբ։ Արդարության ապահովման նպատակով «Grant Thornton Amyot LLC» ընկերության կողմից նշանակվել էր աուդիտոր՝ Վլադիսլավ Մուրադյանը։ Ներկա էին եղել նաև գործընթացին հետևելու ցանկություն հայտնած մրցույթի մասնակիցների ներկայացուցիչները. մասնավորապես՝ Եվա Րիվասի, Ռազմիկ Ամյանի, Էմիի և Միհրանի պատվիրակները։ SMS քվեարկության արդյունքները հետևյալն են.
1-ին տեղ՝ Եվա Րիվաս «Apricot Stone»
2-րդ տեղ՝ Ռազմիկ Ամյան «My Love»
3-րդ տեղ՝ Էմմի և Միհրան «Hey»
4-րդ տեղ՝ Another Story «Այս ձմեռ»
5-րդ տեղ՝ Անի Արզումանյան «The Mermaid Song»
6-րդ տեղ՝ Դավիթ Աշոտյան «Infected Dreams»
7-րդ տեղ՝ Մարիա Կիզիրյան «Little Red Riding Hood»
8-րդ տեղ՝ Մելինե Բեգլարյան «We Must Believe»
9-րդ տեղ՝ Նիկ Էգիբյան «Countdown»
«Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ բողոքներ է ստացել, որ SMS-քվեարկության ժամանակ եղել են տեխնիկական բարդություններ։ Առաջին ալիքն անմիջապես ուսումնասիրություններ է սկսել բջջային երեք օպերատորների հետ միասին։ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ պատրաստ է իր ձեռքի տակ գտնվող քվեարկության բոլոր տվյալները տրամադրել շահագրգիռ բոլոր կողմերին։












