Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Ի՞նչ ճակատագիր է սպասվում արձանագրություններին

Փետրվար 16, 2010թ. 11:18

KMO_088197_87793_1_t207Ինչպես արդեն հայտնի է հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են  Հայաստանի խորհրդարանում: Պաշտոնական լրահոսի համաձայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը,  խորհրդարանում դրանք ներկայացնելու նպատակով որպես ներկայացուցիչ նշանակել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

Իսկ երեկ արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց արձանագրությունները, դրանք քննարկելու համար գլխադասային է նշանակվել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:   Ի դեպ, արձանագրությունները գլխադասային` արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման համար որեւէ ժամկետ նախատեսված չէ: Այն կմնա այդ հանձնաժողով, քանի որ սա միջազգային պայմանագիր է` պետք է քննարկվի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որից հետո դրական կամ ոչ դրական եզրակացությամբ (կանոնակարգն այդ տերմինն է օգտագործում) կմտնի լիագումար նիստ` քառօրյայի օրակարգ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը լոնդոնյան իր ելույթում ասել էր, որ եթե հաստատվեն այն կասկածները, որ Թուրքիան ուզում է ժամանակ ձգել, Հայաստանը ստիպված է լինելու դադարեցնել գործընթացը: Նա միաժամանակ, հավելել էր, որ  բացառում է արձանագրությունների վավերացման տապալումը Հայաստանի խորհրդարանում:

Ինչպե՞ս են այս հարցում տրամադրված հայ խորհրդարանականները: Հիմնականում գերիշխում է այն կարծիքը, որ արձանագրությունները խորհրդարանում կմնան   մինչեւ այն պահը, երբ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի դրանք:

Ընդդիմադիր հատվածից մտահոգություններ են հնչում, որ եթե, այնուամենայնիվ, գործը  հասնի քվեարկությանը, ապա ամեն ինչ կլինի այնպես, ինչպես եղել է միշտ` խորհրդարանական մեծամասնությունը  կքվեարկի իշխանական պարտադրանքի տակ:

«Ժառանգությունը» խոստանում է ցույցեր` Արձանագրությունները խորհրդարանում լինելու ողջ ընթացքում, ՀՅԴ-ն ևս բողոքի միջոցառումներ և արձանագրությունների վավերացման դեմ քայլեր է ձեռնարկելու.:

Ակնհայտ է, որ արձանագրությունները խորհրդարան ուղարկվելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել  Հայաստանում: Այսօր  որոշ շրջանակներում   առավել մեծ են  համարում դրանք չվավերացնելու հավանականությունը:

Իսկ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում: Թուրքիայի կողմից Արձանագրությունները վավերացնելու գործիք դիտարկվում է  ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի առկայությունը ու նաև այն վտանգը, թե Օբաման կարող է  արտասանել «ցեղասպանություն» բառը: Սա խոսում է Թուրքիայի վրա լուրջ ճնշումների առկայության մասին:  Չնայած դրան, թուրքական կողմը շարունակում է հայ-թուրքական հարբերությունները շաղկապել արցախյան հիմնախնդրի հետ:

Քաթարում Էրդողան-Քլինթոն հանդիպման ընթացքում, թուրքական լրատվական աղբյուրների մատուցմամբ, Էրդողանը կրկին հայ-թուրքական հարաբերությունները դիտարկել է տարածաշրջանային խաղաղության համատեքստում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ արել ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: Բայց այս անգամ դա արել է դիվանագիտորեն ու մեղմորեն:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն