Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Բակո Սահակյան. «Խախտված է ամբողջ բանակցային գործընթացի ձևաչափը, քանի որ Արցախը չի մասնակցում բանակցություններին»

Փետրվար 16, 2010թ. 14:50

DSC00809ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը.

-Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար է.Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը համաձայն է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթղթի հիմքում դրվեն Մադրիդյան նորացված առաջարկները։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչ ասել է Մադրիդյան նորացված առաջարկ, որին   Ադրբեջանն էլ է համաձայնություն տալիս:

-Քանի որ Արցախի Հանրապետությունը չի մասնակցում բանակցային գործընթացին, բնական է, որ Մադրիդյան նորացված սկզբունքները ներկայացնող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի կարգավորման հետ առնչվող մյուս փաստաթղթերը, Մինսկի խմբի  համանախագահների կողմից չեն ներկայացվում Արցախի Հանրապետության ղեկավարությանը։ Բայց դա չի նշանակում, որ մենք տեղյակ չենք այդ փաստաթղթերի բովանդակությանը։ Բնական է, որ մենք տեղյակ ենք Մադրիդյան նորացված փաստաթղթի կետերին ևս։ Սակայն պետք է ընդգծեմ, որ  այդ նորացված փաստաթուղթը, ինչպես նաև մինչ այդ բանակցային սեղանին  եղած բոլոր փաստաթղթերը` առանց Արցախի Հանրապետության համաձայնության, չեն կարող վճռորոշ դեր ունենալ գործընթացում, որովհետև թե’ Մադրիդյան փաստաթղթի, այսպես կոչված, հին տարբերակը,  թե’ նորացվածը, պետք է բոլոր փուլերում քննարկվեն նաև Արցախի Հանրապետության իշխանությունների հետ:

Ի դեպ, ասեմ, որ  ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք այդ մասին: Գործող նախագահին ներկայացրել եմ մեր հստակ դիրքորոշումը, հայտնել, որ ներկայիս հիմնական խոչընդոտն այն է, որ

խախտված է ողջ  բանակցային գործընթացի ձևաչափը, քանի որ Արցախը չի մասնակցում բանակցություններին:

Մենք Մինսկի խմբի համանախագահներին ևս առաջարկում ենք վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը. միայն այդ դեպքում հնարավոր կլինի դրական արդյունքներ ակնկալել: Մեր առանձնազրույցում ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծեց, որ ինքն անպայման հաշվի կառնի Արցախի Հանրապետության տեսակետն ու  համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի այդ տեսակետն ամբողջությամբ հարգվի, և վերականգնվի լիարժեք բանակցային գործընթացը։

Առաջարկություն է եղել նաև, որպեսզի ԵԱՀԿ  գործող նախագահը տարածաշրջան այցելելիս անպայման այցելի նաև Արցախի Հանրապետություն: Ստացվում է, որ բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաև ԵԱՀԿ  ներկայացուցիչները ժամանում են  տարածաշրջան՝ առանց հիմնական երկրի` Արցախի հետ անմիջականորեն շփվելու, մեր դիրքորոշումներին ծանոթանալու, առանց Արցախի Հանրապետության պետական կառույցների և Արցախի ժողովրդի հետ հանդիպում ունենալու։ Նման մոտեցումը չի կարող  արդյունավետ լինել։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն