ԵԱՀԿ- ն «զգուշավոր լավատեսությամբ» է խոսում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
«Մենք զգուշավոր լավատեսություն ունենք հակամարտության կարգավորման հետագա զարգացման վերաբերյալ»,- այսօր ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ նշեց ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը:
Նրա խոսքերով, Ղազախստանի նախագահությամբ ԵԱՀԿ-ն մտադիր է լրացուցիչ ազդակներ հաղորդել խաղաղ կարգավորման գործընթցին` միաժամանկ վստահ լինելով, որ «խնդրի լուծումն առաջին հերթին գտնվում է հակամարտության մեջ ներգրավված կողմերի ձեռքում: Մյուս բոլոր մասնակիցները օգնականներ են, ովքեր անկեղծ ցանկանում են և նպատակ ունեն օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը»:
Նա նշեց, որ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ մտքերի բավականին բաց փոխանակում է տեղի ունեցել. «Ինձ համար կարևոր է տեսնել իրավիճակի ամբողջական պատկերը և խնդիրների ողջ շրջանակը»:
Արտգործնախարարները տեղեկացրեցին նաև, որ տարվա վերջում տեղի կունանա ԵԱՀԿ գագաթաժողով:
«11 տարի է անցել Ստամբուլի գագաթաժողովից հետո: Այդ ընթացքում աշխարհում հայտնվել են շատ նոր մարտահրավերներ և վտանգներ: Դրանցից շատերը բացարձակապես փոխեցին պատարերազմի և թշնամու մասին պատկերացումները (նկատի ունեմ միջազգային ահաբեկչույթունը)»,- նշեց ԵԱՀԿ նախագահը; Նրա խոսքերով, ի թիվս այլ հարցերի, գագաթաժողովի քննարկաման թեմաներից կլինի նաև «եվրոպական անվտանգության նոր ճարտարապետությունը»:
Ճեպազրույցի ժամանակ արտգործնախարար Նալբանդյանը տեղեկացրեց, որ այս տարվա հուլիսին, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում, որի ժամանակ պարզ կդառնա գագաթաժողովի գլխավոր թեման:
Մադրիդյան նորացված առաջարկների վերաբերյալ կողմերի առաջարկությունների մասին խոսելով` նախարար Նալբանդյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը մի ամբողջ տարի հրաժարվում էր` որպես հակամարտության խաղաղ կարգավորման հիմք ընդունել 2007-ին հրապարակված Մադրիդյան փաստաթուղթը. «Ադրբեջանը բազմիցս է այդ մասին հայտարարել: Նրանք անգամ չէին ընդունում վերջինիս գոյությունը»:
Ինչ վերաբերում է կոնկրետ հարցերին, որոնց շուրջ կողմերը պետք է ներկայացնեն իրենց առաջարկները, էդվարդ Նալբանդյանն ասաց. «Առաջարկներ, կարծում եմ, Ադրբեջանը կներկայացնի, իսկ հետո կշարունակենք բանակցությունները»:
Առաջին գծից դիպուկահարներին հետ կանչելու մասին լրագրողների հարցին Կանատ Սաուդաբաևը պատասխանեց, որ պետք է ձեռնարկել ցանկացած միջոց, որն ուղղված է իրավիճակի լիցքաթափմանը, այդ թվում` հետ կանչել դիպուկահարներին:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ն տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու համար կոչ էր արել կողմերին` հետ կանչել իրենց դիպուկահարներին առաջին գծից: Հայկական կողմն ընդունել էր առաջարկը, սակայն Ադրբեջանը մերժել էր:
Armar.am












