Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որևէ կապ չունի և չի կարող կապ ունենալ Արցախյան հիմնախնդրի լուծման հետ

Փետրվար 16, 2010թ. 16:00

12663124812Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ։  Հանդիպումիր անմիջապես հետո ԱՀ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։

ArmAr.am-Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար է.Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը համաձայն է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթղթի հիմքում դրվեն Մադրիդյան նորացված առաջարկները։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչ ասել է Մադրիդյան նորացված առաջարկ, որին   Ադրբեջանն էլ է համաձայնություն տալիս:

-Քանի որ Արցախի Հանրապետությունը չի մասնակցում բանակցային գործընթացին, բնական է, որ Մադրիդյան նորացված սկզբունքները ներկայացնող պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի կարգավորման հետ առնչվող մյուս փաստաթղթերը, Մինսկի խմբի  համանախագահների կողմից չեն ներկայացվում Արցախի Հանրապետության ղեկավարությանը։ Բայց դա չի նշանակում, որ մենք տեղյակ չենք այդ փաստաթղթերի բովանդակությանը։ Բնական է, որ մենք տեղյակ ենք Մադրիդյան նորացված փաստաթղթի կետերին ևս։ Սակայն պետք է ընդգծեմ, որ  այդ նորացված փաստաթուղթը, ինչպես նաև մինչ այդ բանակցային սեղանին  եղած բոլոր փաստաթղթերը` առանց Արցախի Հանրապետության համաձայնության, չեն կարող վճռորոշ դեր ունենալ գործընթացում, որովհետև թե’ Մադրիդյան փաստաթղթի, այսպես կոչված, հին տարբերակը,  թե’ նորացվածը, պետք է բոլոր փուլերում քննարկվեն նաև Արցախի Հանրապետության իշխանությունների հետ:

Ի դեպ, ասեմ, որ  ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք այդ մասին: Գործող նախագահին ներկայացրել եմ մեր հստակ դիրքորոշումը, հայտնել, որ ներկայիս հիմնական խոչընդոտն այն է, որ խախտված է ողջ  բանակցային գործընթացի ձևաչափը, քանի որ Արցախը չի մասնակցում բանակցություններին:

Մենք Մինսկի խմբի համանախագահներին ևս առաջարկում ենք վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը. միայն այդ դեպքում հնարավոր կլինի դրական արդյունքներ ակնկալել: Մեր առանձնազրույցում ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծեց, որ ինքն անպայման հաշվի կառնի Արցախի Հանրապետության տեսակետն ու  համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի այդ տեսակետն ամբողջությամբ հարգվի, և վերականգնվի լիարժեք բանակցային գործընթացը։

Առաջարկություն է եղել նաև, որպեսզի ԵԱՀԿ  գործող նախագահը տարածաշրջան այցելելիս անպայման այցելի նաև Արցախի Հանրապետություն: Ստացվում է, որ բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաև ԵԱՀԿ  ներկայացուցիչները ժամանում են  տարածաշրջան՝ առանց հիմնական երկրի` Արցախի հետ անմիջականորեն շփվելու, մեր դիրքորոշումներին ծանոթանալու, առանց Արցախի Հանրապետության պետական կառույցների և Արցախի ժողովրդի հետ հանդիպում ունենալու։ Նման մոտեցումը չի կարող  արդյունավետ լինել։

-Պարոն Նախագահ, հաճախ փորձ է արվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել Ղարաբաղի խնդրի հետ։ Դուք այդ երկու գործընթացների միջև ի՞նչ կապ եք տեսնում։

-Երևի միայն այն, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է։

Մենք բազմիցս ասել ենք ու հիմա էլ կրկնում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը որևէ կապ չունեն և չեն կարող կապ ունենալ Արցախյան հիմնախնդրի լուծման հետ։ Այս տեսակետն են արտահայտել այն երկրները, որոնք ներգրավված են այդ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այդ տեսակետն ունի նաև  ՀՀ նախագահը, ով բազմիցս պարզաբանել է այդ հարցը, ով իր հատուկ ուղերձում նշել  և մանրամասնել է, որ այդ երկու գործընթացների միջև որևէ կապ չկա և չի կարող լինել։ Այդուհանդերձ, Թուրքիան շարունակում է իր հայտարությունները՝ փորձելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացն անմիջապես կապել  Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետ։ Իհարկե, այդպիսի մոտեցումը չի կարող արդարացված լինել, և գնահատելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների ձգտումը, որն ուղղված է տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելուն։

-Ադրբեջանը ոչ միայն փութաջանորեն շարունակում է սպառազինվել, այլև բաց տեքստով խոսում է ուժի կիրառման մասին։ ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունը հրավիրե՞լ եք այդ հարցի վրա։ Եթե այո, ի՞նչ տեսակետ ունի նա այդ ամենի մասին։

-Այո, մենք նաև այդ հարցի շուրջ ենք տեսակետներ փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ. Ադրբեջանի նման կեցվածքը  ես որակել եմ որպես ահաբեկչության մի նոր ձև, մի նոր տեսակ։ Միջազգային հանրությունը, քաջատեղյակ լինելով Ադրբեջանի այդպիսի կեցվածքին, իր մանդատի շրջանակներում պետք է որ որոշակի քայլեր կատարեր և ստիպեր Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից և քաղաքականությունից։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ գործող նախագահն, իր լիազորությունների շրջանակներում, այս ուղղությամբ  համապատասխան աշխատանք կիրականացնի, որից հետո  Ադրբեջանն ավելի կառուցողական քայլերի պատրաստ կլինի, և կնպաստի բանակցային գործընթացի տրամաբանական զարգացմանը։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն