Ո՞վ է պատասխան տալու օրենքի տարընթերցման եւ ինտերնետ ակումբների ապօրինի տուգանքների համար
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Նամակում արծարծված խնդիրը վերաբերում է 2009թ. ընթացքում այդ գերատեսչության հարկային տեսուչների կողմից մի շարք ինետերնետ ակումբների նկատմամբ կիրառված հսկայական տուգանքներին, որոնց սահմանման համար հիմք էր ծառայել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացված գրության այն նախադասությունը, թե «տվյալների հաղորդման եւ ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող կարող է հանդիսանալ ինչպես օրենքով սահմանված պարզ ընթացակարգով լիցենզավորված անձը (այդ թվում` ինտերնետ ակումբը), այնպես էլ օրենքով սահմանված բարդ ընթացակարգով լիցենզավորված անձը»:
«Կարող է» արտահայտությունը կատարյալ պատուհաս դարձավ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանումների հարկային տեսուչների կողմից տակավին անհայտ մեթոդաբանությամբ ընտրված այն ինտերնետ ակումբների համար, որոնք, բացի այլ ծառայություններին զուգակցված ինտերնետ հասանելիության ապահովման, պրովայդերական գործունեություն չեն ծավալում: Արդյունքում մի շարք այդպիսի ինտերնետ ակումբներ հարյուր հազարավոր, եւ անգամ միլիոնավոր դրամների հասնող տուգանքների ենթարկվեցին` ՙլիցենզիա չունենալու՚ պատճառաբանությամբ, այն դեպքում, երբ ինտերնետ ակումբից լիցենցիա կարող է պահանջվել, եթե նա իրականացնում է նաեւ պրովայդերական գործունեություն:
2009թ. ընթացքում Ստեփան Սաֆարյանը նշված խնդրի կապակցությամբ Ազգային ժողովում հանդես էր եկել հայտարարությամբ, ապա հարց էր բարձրացրել Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Սաֆարյանը զավեշտ էր համարել հարկային տեսուչների կողմից օրենքի այդկերպ մեկնաբանությունը, որին հետեւելու դեպքում կստացվի, որ ՙհանրապետության մի շարք ինտերնետ սրճարանները («Ջազվե», «Յամ-Յամ»), օդանավակայանը (իր Wi-Fi կապի տեսակով), կամ անհատ օգտվողը, որի հարեւանը նույնպես ժամանակ առ ժամանակ օգտվում է նրա ինտերնետ կապից, պետք է լիցենզիա հանեն՚: Այս աբսուրդին վերջ տալու համար` պատգամավորի խնդրանքով համապատասխան պետական մարմինները հարցի քննարկում էին նշանակել: Դրանց արդյունքում, թեպետ, օրենքի տարընթերցումներն այլեւս վերացված են, սակայն նախկինում տուգանված եւ պրովայդերական գործունեություն չծավալող ինտերնետ ակումբները չեն կարողանում դատարաններում վերականգնել իրենց խախտված իրավունքները եւ չեղյալ ճանաչել անհիմն կիրառված տուգանքները:
Պատգամավորը խնդրել է տրամադրել հասարակական վայրերում (ինտերնետային ակումբներ, սրճարաններ, կրպակներ եւ այլն) ինտերնետ հասանելիություն ապահովող այն կազմակերպությունների ցանկը, որոնք մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը լիցենզիա չունենալու պատճառաբանությամբ տուգանվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչների կողմից:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաեւ պահանջել է հարցը վերստին քննարկել նոր երեւան եկած հանգամանքների պայմաններում: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետի համաձայն` «պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են 10-օրյա ժամկետում քննարկել պատգամավորի գրավոր հարցումը եւ գրավոր պատասխանել նրան», իսկ «գ» կետի համաձայն` «ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին իր բարձրացրած հարցի քննարկման մասին»:












