Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահը խորհրդարանում

Փետրվար 16, 2010թ. 19:48

Փետրվարի 16-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար, արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը կարևորեց Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը, որի վկայությունն է նաև այն, որ Հայաստանը պաշտպանեց Ղազախստանի թեկնածությունը` 2010 թվականին նախագահելու  ԵԱՀԿ-ում: Նա հույս հայտնեց, որ պարոն Սաուդաբաևի այցը հնարավորություն կտա  անմիջաբար ծանոթանալու տարածաշրջանի խնդիրներին, քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ հարաբերություններին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր: Հայաստանը կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, որը կարևոր դեր է ստանձնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Տիկին Պետրոսյանը նաև հույս հայտնեց, որ ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության ժամանակահատվածում կձեռնարկվեն տարածաշրջանում խաղաղ գոյակցության  և հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտ քայլեր:

ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, առանձնապես կարևորեց միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դնելու Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջը:

Տիկին Պետրոսյանը բարձր գնահատեց նաև ԵԱՀԿ ԽՎ-ի դերը ժողովրդավարական գործընթացների, միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման գործում:

ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար, տեղեկացրեց, որ իր հանդիպման նպատակն է տեղում ծանոթանալ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ քաղաքական ուժերի տեսակետներին, քանզի հակամարտող կողմերի դրսևորած բարի կամքի և փոխզիջման դեպքում է  հնարավոր հարցի վերջնական լուծումը, իսկ միջազգային կազմակերպություններն ու այս խնդրի կարգավորմամբ մտահոգ երկրները օգնող են միայն:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն