Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Պատգամավորները ԵԱՀԿ գործող նախագահին բացատրել են` անխուսափելի է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը

Փետրվար 16, 2010թ. 19:55

g_imageԱյսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար, արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Վերջիններս արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի գնահատմամբ` ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված երեք կարևոր սկզբունքների հաշվառումով` կարևորելով հատկապես ինքնորոշման իրավունքը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը պետք է գործի այն դեպքում, եթե մի երկիր խառնվում է մեկ ուրիշ երկրի գործերին, իսկ եթե մի երկրի ներսում ազգային-տարածքային կազմավորումներն են ինքնուրույն ապրելու ճանապարհ ընտրում, ինչը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի դեպքում, պետք է գործի ինքնորոշման իրավունքը: Նա առաջարկեց նաև ԵԱՀԿ նախագահին ԼՂ-ում դեմոկրատական ինստիտուտները վերահսկելու մոնիտորինգ իրականացնել, ինչը կլինի հարցի կարգավորմանն ուղղված լավագույն քայլը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ իր խմբակցության տեսակետը հակամարտությունների կարգավորման վերաբերյալ միանշանակ է. անխուսափելի է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը, ինչը պետք է ընդունվի միջազգային սուբյեկտների կողմից, իսկ ներկա փուլում անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղին ներգրավել հակամարտության կարգավորման բանակցություններին, առանց որի անհնար կլինի հարցի վերջնական կարգավորումը:

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը կարևորեց հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ռուսաստանի և Ղազախստանի դերակատարությունը` հույս հայտնելով, որ Ղազախստանը այդ մոտեցումը կշարունակի կիրառել նաև ԵԱՀԿ իր նախագահության ողջ ընթացքում: Նա համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ-ն ինչպես եղել է, այնպես էլ  պետք է շարունակի մնալ Մինսկի խմբի շրջանակներում հարցի խաղաղ կարգավորման առաջամարտիկը:

ԵԱՀԿ գործող նախագահը համոզմունք հայտնեց, որ խաղաղ բանակցությունների միջոցով հարցի կարգավորումը միակ ընդունելի տարբերակն է, իսկ լիակատար արդյունքի հասնելու համար առաջնային կլինի  հակամարտող կողմերի բարի կամքի դրսևորումն ու  փոխզիջումների գնալու պատրաստակամությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն