ԵԿՄ. Ոչ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը` մեր ազգային արժանապատվության հաշվին
ԵԿՄ-ն կոչ է անում այս տարին դարձնել հանդուրժողականության, համերաշխության և միասնականության տարի
Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am-ը, այսօր տեղի ունեցած ԵԿՄ 8-րդ համագումարում գեներալ Մանվել Գրիգորյանը վերընտրվեց միության նախագահ:
Համագումարից հետո Երկրապահ կամավորականների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, ուր նշվում է, որ երկրապահները հավատարիմ են իրենց կոչմանը, նախորդ համագումարներում ընդունած որոշումներին և ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի որդեգրած սկզբունքներին:
«ԵԿՄ-ն կարևորում է խաղաղության պահպանումը, դեմ է հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականով պայմանավորելուն: Կողմ լինելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու բաց սահմաններին, սակայն դա չպետք է լինի մեր ազգային արժանապատվությանն ու իր պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված ժողովրդի ողբերգությունը ուրանալու ճանապարհով»:
«ԵԿՄ-ն շարունակելու է զորավիգ լինել զոհված, վիրավոր, սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքներին, իրականացնելու է ռազմահայրենասիրական ծրագրեր»:
«ԵԿՄ-ն չլինելով քաղաքական կառույց եղել և մնում է պետության և ժողովրդի զինվորը»,- ասված է ԵԿՄ հայտարարության մեջ:
ArmAr.am












