Մանվել Գրիգորյան. «Ազատագրված տարածքները զիջողը` դավաճան է»
ԵԿՄ համագումարի ավարտից հետո լրագրողները մի քանի հարցեր են ուղղել ԵԿՄ վարչության նորընտիր նախագահ Մանվել Գրիգորյանին:
«Ինձ որեւէ մեկը հրավիրել է էստեղ, կամ որեւէ մեկին: Նրանք անդամ էին, պարտավոր էին գալ: Փոխնախագահ էր, թող գար»: Ասել է ԵԿՄ նորընտիր նախագահ Մանվել Գրիգորյանը, ակնարկելով Մյասնիկ Մալխասյանին, ով արդեն ոչ ԵԿՄ փոխնախագահ է, ոչ վարչության անդամ:
Այսօր ընտրված վարչության կազմում չկար նաեւ ազատազրկված ազատամարտիկ Սասուն Միքայելյանի անունը: Մանվել Գրիգորյանն ասել է, որ Միքայելյանը իր մարտական ընկերն է, բայց նրան ազատելու համար նույն Սասունից բացի ոչ ոք ոչինչ անել չի կարող. «Էս երկրի տակ, եթե որեւէ մեկը Սասունի պես Սերժին մոտիկ է եղել, ամոթ ինձ, թող դիմի, գնան լուծեն: Սերժին ոչ մեկը Սասունի պես չի ճանաչում, Սասունին էլ ոչ մեկը Սերժի պես չի ճանաչում»:
Այն հարցին, թե ինչո՞ւ ԵԿՄ-ում ծագեցին տարաձայնություններ, Մանվել Գրիգորյանն ասել է, որ դրանք նախ առաջ եկան 2008-ի նախագահական ընտրություններից հետո, իսկ պատճառն այն էր, թե ո՞ւմ կողքին պետք է կանգներ ԵԿՄ-ն:
Լրագրողական մեկ այլ հարցի էլ` ինչու հետընտրական զարգացումների ժամանակ ինքը Թատերական հրապարակում չի եղել, Մանվել Գրգորյանն ասել է. «Երեւան քաղաքը Ֆիզուլի չէր: Եթե ես դուրս գայի հրապարակ, շատ վատ բան կլիներ բոլորի, երկրի համար»:
«Երկրապահը միշտ համախմբված է եղել պետության եւ ժողովրդի շուրջ», -ասել է Մանվել Գրիգորյանը:
Արցախյան հիմնախնդրում փոխզիջումների մասին խոսակցությունները կառույցի ղեկավարը համարում է անընդունելի, իսկ նրան, ով երբևէ կզիջի Արցախն ու ազատագրված տարածքները` դավաճան. «Առնվազն դավաճանություն է. ով ուզում է լինի` շարքային քաղաքացի, նախագահ թե բոմժ, էդ դավաճանություն է»:
ArmAr.am












